«Այդ հարցերը որ տալիս եք, ի՞նչ է փոխվելու ձեր կյանքում դրանից». Կարեն Կարապետյանը՝ լրագրողներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հրաժարվեց մեկնաբանել ՀՀԿ-ականների այն կարծիքները, թե 2018թ. ապրիլից հետո որպես վարչապետ տեսնում են Սերժ Սարգսյանին:
«Մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Պաշտոնապես ՀՀԿ-ի կարծիքը երբ լինի, այն ժամանակ կխոսենք, դա այդ մարդկանց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է կառավարության այս մեկ տարվա աշխատանքին, վարչապետն ասաց, որ մեկ տարին բավարար չէ, որ քաղաքացու կյանքը որակապես փոխվի:
Հայաստանի սոցիալական վատ վիճակի մասին հարցերը կարծես վարչապետին հունից հանեցին. «Այդ հարցերը որ տալիս եք, ի՞նչ է փոխվելու ձեր կյանքում դրանից»:
Հարցին՝ եթե այս տեմպերով գնանք` հնարավո՞ր է տնտեսության աճ գրանցենք, վարչապետը պատասխանեց. «Եթե մենք տնտեսության աճ ապահովենք, աշխատատեղեր ստեղծենք, շուկան մեծացնենք` հնարավոր է»:
Դիտարկմանը՝ արդյոք տնտեսության աճ կապահովվի՞, եթե Կարապետյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնին, Կարապետյանը պատասխանեց՝ այո. «Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ, եթե միայն ճիշտ քայլենք: Մենք իրականում ունենք աճ. Բավարարվա՞ծ ենք այս աճով, թե՞ ոչ. դա է խնդիրը»: