«Սփյուռքահայերից շատերը, անհաջողակ լինելով բիզնեսի մեջ, իրենց անհաջողությունը կապում են Հայաստանի հետ». Կարեն Կարապետյան

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին՝ Արամ Առաջին կաթողիկոսն իր ելույթում նշել էր, որ Հայաստանը մաշվում է, Հայաստանը բիզնեսի վայր չէ, ինչպե՞ս վարչապետը կմեկնաբանի Արամ Ա-ի կարծիքը: Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց, որ միգրացիոն պրոցեսներ կան բոլոր երկրներում:

«Երբեք էլ չի լինի այնպիսի վիճակ, որ, անկախ նրանից, թե մեր կյանքն ինչքանով կլավանա` միգրացիոն գործընթացը կկանգնի ընդհանրապես: Ճիշտ է` ելք ու մուտքերի հարաբերակցությունը կփոխվի, սակայն մենք պետք է ուղղակի այնպես անենք, որ Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ սփյուռքահայերն ասում են, որ Հայաստանն անվստահելի երկիր է, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի Սփյուռքի վստահությունը վերականգնվի, վարչապետը պատասխանեց, որ իրականում վստահության հարցը կարող է լինել նաև շատ սուբյեկտիվ:

«Սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ` Հայաստանի մասին լսում ենք շատ  օբյեկտիվ ու սուբյեկտիվ գնահատականներ: Սփյուռքահայերից շատերը, անհաջողակ լինելով բիզնեսի մեջ, իրենց անհաջողությունը կապում են Հայաստանի հետ. քչերն են ընդունում, որ իրենք են ռիսկը սխալ հաշվարկել, ու դրա համար էլ սկսում են բոլորին մեղադրել: Ունենք նաև սփյուռքահայեր, որոնք գալիս են Հայաստան ու ՀՀ կառավարությունից սպասում են այն, ինչ որևէ այլ երկրից չեն սպասում`  մյուս երկրներում չեն էլ երազում, որ նման պայմաններ ու ընդունելություն կլինի: Բայց, եթե կա անվստահություն, պետք է աշխատենք կոտրել այդ մթնոլորտը»,- ասաց Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս