«Բոլոր դժվարությունների պարագայում մեր ազգը չի կորցրել ինքնասիրությունը, արժանապատվությունը». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց, որ սկսվել են բարեփոխումներ բոլոր ասպարեզներում, որոնք հիմք են դնում Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար:

«Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում: Այս ամենի իրականացմանն է ձեռնամուխ եղած մեր թիմը, և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք չենք կարող հաջողել»:

Վարչապետը Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին հիշեցրեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն անցել են կռիվնեի, հալածանքների, ճնշումների, ցեղասպանության և բնաջնջման փորձերի միջով, բայց այդ բոլոր դժվարությունների պարագայում, ըստ Կարապետյանի՝ մեր ազգը չի կորցրել ինքնասիրությունը, արժանապատվությունը.

«Արդյունքում մենք այսօր կանք մենք ունենք մեր անկախ պետությունը, սա գերագույն արժեք է: Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչու ուրիշները կարող են, իսկ մենք ոչ, և մեզ թասիբի գցենք: Այսօր բոլորիս նպատակն է ազատ անվտանգ արդար և խելացի Հայաստան ունենալը, և բոլոր նախապայմաններն ունենք դրա համար: Պատրաստ ենք ցանցկացած պահի արձագանքել ցանկացած ոտնձգության»:

Ըստ Կարեն Կարապետյանի՝ փաստ է, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ.

«Ի՞նչ անենք՝ նեղանա՞նք դրանից, ֆիքսվե՞նք դրա վրա, մենք իրավունք չունենք հիասթափվելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա անտրամաբանական է և անհեռանակարային: Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ: Պետք է հստակ և անկեղծորեն գնահատենք Հայաստանի և սՍփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը, գնահատենք մեր թերութունները, լավատեսորեն նայենք առաջ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս