Բաժիններ՝

«Հանրաքվեի հետաձգումը անկախության շուրջ Բաղդադի հետ բանակցությունների երաշխիքներ է պահանջում». Բարզանի

Իրաքյան Քրդստանում հանրաքվեի հետաձգման մասին որոշման ընդունումը միջազգային երաշխիքներ է պահանջում, որ Բաղդադը պատրաստ է բանակցություններ վարել տարածաշրջանի անկախության շուրջ, որպիսիք նա դեռեւս չի ստացել: Այդ մասին, ինչպես հայտնել է Shafaq News լրատվական պորտալը, քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է սեպտեմբերի 18-ին Էրբիլում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի հետ կայացած հանդիպմանը:

«Միջազգային հանրակցության կողմից առաջարկված այլընտրական տարբերակները կոչ են անում մեզ երկխոսություն վարել նախքան հանրաքվեն, բայց դրանք չեն երաշխավորում անկախության շուրջ բանակցություններ սկսելու Բաղդադի պատաստակամությունը,- ասել է Բարզանին:- Ուստի Քրդստանը ուրախ կլինի դրանց ձեռնամուխ լինել հանրաքվեից հետո»:

Բարզանիի դիվանատան հայտարարության համաձայն՝ Ֆելոնն իր հերթին նշել է, որ իր երկիրը «պնդում է հանրաքվեի հետաձգումը եւ միջազգային հովանու ներքո Էրբիլի ու Բաղդադի միջեւ երկխոսություն սկսելը բաց օրակարգով»:

Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին: Ինչպես հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի մամուլի ծառայությունը, Գերագույն դատարանը որոշումն ընդունել է Իրաքից որեւիցե տարածաշրջանի կամ նահանգի անջատման սահմանադրական չլինելու մասին նրա կողմից տրված հայտարարությանն ի պատասխան:

Ավելի վաղ Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման բարձրագույն հանձնաժողովը մերժել է արեւմտյան երկրների՝ հանրահարցմանն այլընտրական առաջարկությունը: «Այդ առաջարկությունները չեն բովանդակում երաշխիքներ, որոնք կբավարարեին տարածաշրջանի բնակիչներին… Հանրաքվեն տեղի կունենա ավելի վաղ նշանակված ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ է քվեարկել խորհրդարանը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս