«Թումոն», «Քվանտը», «Այբը» և այլ ընկերություններ Հայաստան-Սփյուռք համաժողովում ներկայացնում են իրենց ձեռքբերումները
Այսօր մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը:
Համաժողովի ընթացքում տեղի են ունենում 2 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին:
Բացի այդ, Մարզահամերգային համալիրում ձևավորվել են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումներն են ներկայացնում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Առանձին տաղավարներով ցուցադրված են գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները: «Մեգերյան կարպետը» ներկայացրել էր հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումներն է ներկայացնում Արցախը: Գործում է նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված տաղավար:
Նշենք նաև, որ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 ներկայացուցիչ: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին մասնակցում են աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ՝ 1500-ից ավելի մասնակից, Արցախը ներկայացնում է 40 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են շուրջ 400-ից ավելի պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ:
Սիրարփի Աղաբաբյան