
«ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան է իրագործում». Բուրջանաձե

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին աշխատում է Կենտրոնական հետախուզական վարչության «լրջագույն նախագծի» շրջանակներում, որը կոչված է վիժեցնել 2018 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրուցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
«Շատերն են այրվում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանից խլելու եւ ՌԴ նախագահի ընտրությունների վրա ազդելու ցանկությամբ եւ այդ ուժերին հարկավոր Է այնպես անել, որ Ուկրաինայում, Մոլդովայում, հնարավոր է՝ Վրաստանում, Ռուսաստանը ծանր խնդիրներ ունենա: Սահակաշվիլին գերազանց թակնածու է նման ծրագրի կատարման համար»,-հայտարարել է Բուրջանաձեն:
Նա հավելել է, թե չգիտի՝ կոնկրետ ինչ կարող է անել Սահակաշվիլին: «Բայց եթե Ուկրաինայում իրադրությունը սրվի, ապակայունացնող գործընթացներ սկսվեն, ապա դա կանդրադառնա Ռուսաստանի վրա, որը հարկադրված կլինի ձեռնարկել պատասխան գործողություններ, դիվանագիտական քայլեր, ինչ-ինչ քաղաքական միջոցներ»,-նշել է քաղաքական գործիչը: