«Չե՞ք կարծում, որ մենք անդունդ ենք գնում». ամերիկահայ նախկին գործարար
Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ամերիկահայ նախկին գործարար Զարեհ Պալյանն ասաց, որ համաժողովը կարող է շատ օգտակար լինել, եթե գործնական մոտեցում որդեգրվի. «Գործը պետք է առաջ ընկնի խոսքից, չկա՛ այդ բանը»:
Նա նշեց, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի խոսքն իսկապես հայ ղեկավարի, հայ հավատացյալի խոսք էր, շատ լավ էր. «Բակո Սահակյանը կարճ խոսեց, շատ հիանալի էր: Մյուս երկու խոսողները, չգիտեմ՝ ինչ խոսեցին, ես երևի քնել էի, կներեք արտահայտությանս, որովհետև ես չեմ սպասում, որ ուրիշի գրածը վերցնես-կարդաս, դա մեզ պատիվ չի բերում, մենք ամենատաղանդավոր ազգերից մեկն ենք, եթե ոչ՝ ամենատաղանդավորը: Բա Կիլիկիո կաթողիկոսն ինչի՞ չի կարդում»
Նա ասաց, որ չի վստահում ՀՀ իշխանություններին. «Ենթադրենք՝ ես դարձա Հայաստանի նախագահ, եթե ես պիտի նախարար նշանակեմ, էդ նախարարի արյան մեջ թալանը կա, կաշառակերությունը կա, անարդարությունը կա, հանցավոր անգործությունը կա, ես ո՞նց կարող եմ նրան ստիպել, որ հօգուտ իր ազգի աշխատի, ոչ թե՝ հօգուտ իր գրպանի: Եթե իր արյան մեջ մտել է, իսկ ես հավատացած եմ, որ շատերի մեջ մտել է, որովհետև էսօր ազնիվ մարդուն, շատ տարածված կարծիք կա՝ հարիֆ է, այսինքն՝ արհամարհելի մի հիմար, քանի որ ազնիվ է: Մյուս կողմից՝ այն բոլոր բացասական հատկանիշներ դրսևորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են: Ա՛յ այսպիսի վիճակն ո՞ւր կհասցնի, ես ձեզ եմ հարցնում, չե՞ք կարծում, որ մենք անդունդ ենք գնում»:
Խոսելով Հայաստանի 3 նախագահների մասին՝ Զարեհ Պալյանն ասաց, որ առաջին երկու նախագահներին ինքը թիկունք է կանգնել. «Լևոն Տեր-Պետրոսյանի թիկունքին ամբողջ ժողովուրդն էր կանգնում, հետո Քոչարյանը եկավ, քանի որ Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահն էր, քանի որ Արցախն իմ բարուրի միջի երեխան է, ես եմ սկսել էդ շարժումը, միշտ էլ թիկունք եմ կանգնել, ես հաշվեցի, որ Քոչարյանը չի ծախի Արցախը: Երրորդի՝ Սերժ Սարգսյանի հետ բան չեմ ունեցել: Էն երկուսը ԱՄՆ եկան, խնդրեցին, որ ես դիմավորեմ իրենց, Քոչարյանը խնդրեց, որ ես իրեն ներկայացնեմ, իր դրական կողմերը: Ներկայացրել եմ, բայց հետո, երբ իմացա, որ նա էլ է կաշառք վերցնում, չգիտեի, ես անմիջապես հետ կանգնեցի: Երրորդ նախագահն էլ նրանց հոգեզավակն է»: