
Չինաստանն արձագանքել է ԿԺԴՀ-ի վերաբերյալ Նիկի Հեյլիի արած հայտարարությանը

Չինաստանը հուսով է, որ ստեղծված իրավիճակում բոլոր կողմերը կկատարեն ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումները, այլ ոչ թե նոր խնդիրներ կստեղծեն: Այդ մասին ասել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի արած հայտարարությունը:
Ավելի վաղ Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սպառել է Միավորված ազգերի կազմակերպության կառույցների շրջանակներում հյուսիսկորեական հիմնախնդիրը կարգավորելու հնարավորությունը: Նա նշել է, որ եթե ԿԺԴՀ-ն սպառնա ԱՄՆ-ի անվտանգությանը եւ իր դաշնակիցներին, ապա կոչնչացվի:
«Անվտանգության խորհուրդը հենց նոր է ընդունել թիվ 2375 բանաձեւը: Այս պահին բոլորի համար առաջնահերթ խնդիրը այդ որոշման ամբողջական կատարումն է, այլ ո չ թե իրադրության բարդացումը եւ խնդիրների ստեղծումը»,- ճեպազրույցում ասել է Լու Կանը: Նա նշել է, որ հակամարտության կողմերի մշտական փոխադարձ սպառնալիքները ոչ միայն չեն նպաստում դրա կարգավորմանը, այլ, ընդհակառակը, էլ ավելի մեծ լարվածության են հանգեցրել Կորեական թերակղզում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: