
Գերմանական ընկերությունները բողոքի ակցիա կանցկացնեն Թուրքիայում

Գերմանական խոշորագույն «Axel Springer» մեդիա խումբը պատրաստվում է Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիա անցկացնել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միջոցառումն ուղղված է գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի և Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի մյուս քաղաքացիների կալանավորման դեմ:
«Axel Springer»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաթիաս Դյոփֆները նամակներ է ուղարկել գերմանական DAX ինդեքսը կազմող 30 ընկերությունների նախագահներին՝ թուրքական մեդիայում անցկացվելիք արշավին աջակցելու խնդրանքով:
Դյոփֆները մտադիր է իր կոչին կից հրապարակել գերմանական առաջատար արդյունաբերողների, բանկերի ու ապահովագրական ընկերությունների անուններն ու նախագահների ստորագրությունները:
«Axel Springer»-ի տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ իրենց նպատակը կալանավորված Դենիզ Յուջելի և մյուս գերմանացիների ազատ արձակումն է: Նա հավելել է, որ Յուջելը Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիներից ամենահայնին է, սակայն ակցիան միայն նրա պաշտպանության համար չէ. նպատակ կա ուշադրություն հրավիրել ընդհանրապես տիրող անբարենպաստ դրության վրա:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ բողոքի ակցիայի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակցության պատրաստակամություն հայտնի Դյոփֆներից նամակ ստացած ընկերությունների կեսից ավելին:
«Axel Springer»-ի ակցիայի հիմնական ուղերձը հետևյալն է. «Թուրքիայի համար, որի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, հիմնարար նշանակություն ունի իրավական պետության սկզբունքների, հիմնարար իրավունքների և մամուլի ազատության պահպանումը: Եթե այս ժողովրդավարական հիմքը թերի լինի, տնտեսությունը վնաս կկրի»:
Հավելենք, որ Գերմանիայի արտգործնախարարության տվյալների համաձայն՝ այժմ Թուրքիայում կալանավորված է Գերմանիայի 54 քաղաքացի, որոնցից 11-ը՝ քաղաքական պատճառներով: