
«Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում». Տիգրան Ջրբաշյան

Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովին «Հայաստանի զարգացման հիմնախնդիրների» շուրջ քննարկման ժամանակ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի լուրջ մարտահրավերներ և հնարավորություններ.
«Առաջին մարտահրավերն արտագաղթն է և բնակչության թվաքանակի նվազումը: Մեզ մոտ ավելի խորն է խնդիրը, և մենք դեմոգրաֆիական փոսի շեմին ենք, ինչը նշանակում է, որ աշխատանքի շուկա մտնող անձանց քանակն ավելի պակաս է, քան՝ աշխատանքի շուկայից դուրս եկողների քանակը»:
Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ արտադրողականության խնդիր ևս կա. «Երկրորդ հիմնախնդիրը տնտեսական զարգացման պարադիգմայի փոփոխության հարցն է. Հայաստանն արտասահմանյան ներդրումների տեսանկյունից ոչ բարվոք վիճակում է»,- ասաց նա՝ շեշտելով, որ արտասահմանյան ներդրումները կարող են Հայաստանի հետագա զարգացումներն ապահովել:
Ինչ վերաբերում է հնարավորություններին, ապա նա ասաց, որ ռազմավարական մակարդակի շրջանակներում երկու ֆենոմենի հետ են դրանք կապված. «Առաջին ֆենոմենը հայաստանյան, հայերի գենետիկ կարողությունն է՝ լինել թարգմանիչ, ինտրեգրանտ աշխատել շուկաների հետ: Ֆենոմեն է նաև այն, որ գործարարների համար Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում»: