«ԿԺԴՀ-ի խնդիրը կարելի է լուծել միայն Փենյանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով». Գաբրիել
ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող հակամարտությունը կարելի է կարգավորել միայն Փենյանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Այդ մասին ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է Bild թերթում սեպտեմբերի 17-ի երեկոյան հրապարակված հարցազրույցում։
«Դա հնարավոր է միայն ԿԺԴՀ-ի հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Դրա համար երեք տերությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը, պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ, Գաբրիելի խոսքով, հարկավոր է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընին ցույց տալ, որ ատոմային ռումբի առկայությունից բացի, կան նաեւ «անվտանգության այլ երաշխիքներ»: «Կիմ Չեն Ընը խելագար չէ, նա սառնասրտորեն մտածված ռազմավարություն Է իրականացնում եւ կարծում է, որ եթե ատոմային ռումբ ունենա, ապա իր ռեժիմը կապահովի իր անվտանգությունը»,- ասել է Գաբրիելը:
Նա նաեւ այն կարծիքն է հայտնել, որի համաձայն, պետք է սպասել, մինչեւ որ միջազգային հանրակցության կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն սկսեն իրենց ներգործությունն ունենալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: