«Ուս ուսի տված և միայն տարբեր մոտեցումների համադրմամբ կարող ենք հասնել արդյունավետ լուծումների». Սերժ Սարգսյան
Սփյուռքի տարբեր համայնքներում, պայմանավորված գլոբալացվող աշխարհի միտումներով, հատկապես երիտասարդության շրջանում ստվարանում են իրենց բազմաէթնիկ բնորոշող անհատների շարքերը: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այս միտումներին և նոր ծրագրեր մշակել մեր երիտասարդության մշակութային և մասնագիտական զարգացումը ապահովելու, նրանց ինքնությունը հարստացնելու համար: Այս մասին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանն իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս առումով հատուկ դրվատանքի են արժանի սփյուռքի նվիրյալների ջանքերով Հայաստանում մասնագիտական փորձաշրջաններ, երիտասարդական հավաքների հնարավորություններ ընձեռող կազմակերպությունները: Մենք պետք է հարստացնենք մեր կյանքը թե՛ Հայաստանում ու Արցախում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում՝ երիտասարդների համար՝ հենց իրենց իսկ ուժերով:
Որքան էլ մենք գնահատենք ավանդական կառույցների և փորձառու նվիրյալների ջանքերը, կուզեի հիշեցնել բոլորիս, որ առանց երիտասարդության, առանց նոր սերնդի կառուցողական ներգրավման մեր ջանքերը լիարժեք չեն լինելու»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա կարևոր համարեց ընդգծել ևս մեկ, հաճախ թյուրընկալվող հանգամանք. մեր պապերից ժառանգած միասնականության պատգամը երբեք չի նշանակել միակարծություն կամ մեծամասնության կարծիքն անհատի մտքի նկատմամբ գերադասելու անհրաժեշտություն: Նա նշեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար:
«Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կոչը չպետք է դիտվի որպես ինքնուրույնության հականիշ: Ընդհակառակը, համագործակցաբար, ուս ուսի տված և միայն տարբեր մոտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է: Յուրաքանչյուր արտասահմանյան ուղևորության ժամանակ ես բաց չեմ թողնում տեղում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթը:
Բոլոր այդ հանդիպումներն առանձնացել են հատուկ ջերմությամբ, և մեծ հպարտություն եմ զգացել՝ տեսնելով մեր քույրերի ու եղբայրների հաջողությունները: Ամեն տեղ ես տեսել եմ հպարտ հայեր, ովքեր պահպանել են իրենց ազգային դիմագիծը և ամեն ինչ անում են մեր ընդհանուր հարուստ ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցելու համար»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ տեսել է, որ ամեն համայնք ունի իր հատուկ դիմագիծը: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ դիմել է հայ համայնքին և խնդրել պահպանել հայկական ինքնությունը և միաժամանակ լինել տվյալ երկրի լավագույն քաղաքացին, մերժել ուծացումը, բայց միևնույն ժամանակ լավագույնս ինտեգրվել:
Ս. Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի համար ընտրված քննարկումների չորս ուղղությունները լավ հարթակ են ընդգրկուն օրակարգի խնդիրները վերհանելու, լուծումներ քննարկելու, տարբեր պետական, հասարակական և համահայկական կառույցների ջանքերը համադրելու ու սերտ գործակցության նոր ուղղություններ հաստատելու առումով: