
«Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հակամարտության գործում». Կարեն Միրզոյան

«Չնայած հայկական երկու պետությունների բոլոր ջանքերին, որոնք իրենց օժանդակությունն են ստանում նաև միջազգային հանրությունից, մասնավորապես՝ հակամարտության կարգավորման զբաղվող միջնորդների կողմից, Ադրբեջանը շարունակ փորձում է հիմնահարցը լուծել հօգուտ իրեն՝ չխորշելով ռազմական ճանապարհից»,- այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովին այս մասին հայտարարեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
«Իր բոլոր քայլերով, հատկապես՝ 2016 թ. ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հակամարտության գործում, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, հետևողական քայլեր ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն և ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջև և վտանգելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ողջ գործընթացը»,- ասաց Արցախի արտգործնախարարը։
Կարեն Միրզոյանը նշեց՝ Ադրբեջանը սանձազերծել է սպառազինությունների իսկական մրցավազք, ինչը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն՝ հայկական երկու պետությունների, այլև՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից։
«Ստեղծված պայմաններում մենք հարկադրված ենք առավել մեծ ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը՝ որպես տարածաշրջանում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնի»,- ընդգծեց Կարեն Միրզոյանը։