Սենթ Լուիսում ավելի քան 80 մարդու են ձերբակալել բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում
ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքի ոստիկանությունը հայտնել է բողոքի ակցիաների կապակցությամբ ավելի քան 80 մարդու ձերբակալման մասին։
«Այսօր մենք բերման ենք ենթարկել ավելի քան 80 մարդու, առգրավել ենք ավելի քան 5 միավոր զենք, դրանցից ոչ մեկը չի օգտագործվել»,-մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Լոուրենս Օ՛ Տուլը:
Նա նշել է, որ ընդհարումների ընթացքում տուժել են ոստիկանության մի քանի սպաներ, ինչպես նաեւ վնաս է հասցվել բազմաթիվ շենքերի: «Հանցագործղները, որոնց մենք բռնել ենք, պետք է պատասխանատվություն կրեն եւ հետապնդվեն օրենքով»,-ընդգծել է Օ՛ Տուլը:
Սեպտեմբերի 15-ին Սենթ Լուիսում դատավորն արդարացրել է ոստիկանության նախկին սպա Ջեյսոն Սթոքլիին, որը մեղադրվում է 2011 թվականին 24-ամյա աֆրոամերիկացի Էնթոնի Լամար Սմիթի սպանության մեջ, ինչից հետո բողոքավորներն ակցիա են սկսել: Ոստիկանությունում հայտնել են, որ ցույցն անօրինական բնույթ է ձեռք բերել, բողոքավորները քարեր էին նետում եւ ջարդում քաղաքապետի տան ապակիները: Ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել եւ ձերբակալել տասնյակ մարդկանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP