Ադրբեջանի ազդեցությունը ԵՄ-ում մեծ է. եվրապատգամավորը կոչ է անում քննել կոռումպացված աջակիցների ողջ ցանցը

Ադրբեջանի մասին վերջին սկանդալային բացահայտումներն ապացուցում են, որ ոչ մի նորմալ փոխգործակցություն եւ առավել եւս որեւէ համաձայնագիր չի կարող լինել Ադրբեջան պետության հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին աղմկահարույց զարգացումները, մասնավորապես՝ «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալը, որի գործով Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսելու:

«Նախորդ շաբաթ քննարկման էր դրվել Արեւելյան գործընկերության անդամ երկրների շրջանում կառավարման վերաբերյալ ընդունված զեկույցում փոփոխություն կատարելու հարցը: Փոփոխությունը, որն ընդունվեց լիագումար նիստում, շատ հստակորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Եվրոպական գործիչներին կաշառելու պետական քաղաքականությունը: Այն նաև կոչ է անում հետաքննություն անցկացնել Եվրամիության հաստատություններում Ադրբեջանական վճարումների կամ այլ կոռուպցիոն դեպքերի գործով: Հետաքրքիր է, որ քչերը դեմ քվեարկեցին, եւ դժվար է պատկերացնել, որ առանց Ադրբեջանի կողմից որեւէ ճնշման»,-ընդգծեց նա:

Եվրախորհրդարանի պատգամավորի հավաստմամբ՝ եւ այս, եւ նախորդող բացահայտումները պարզապես ցույց են տալիս, թե ինչ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը Եվրամիության անդամ պետությունների շրջանում: Եվ սա է գլխավոր պատճառը, թե ինչու պետք է մանրամասնորեն քննել Եվրամիության հաստատություններում եւ անդամ պետություններում Ադրբեջանի կոռումպացված աջակիցների ողջ ցանցը:

«Ես հիշում եմ նաեւ բուլղարացի լրագրողի բացահայտումները Ադրբեջանի դիվանագիտական չվերթների մասին՝ իրականացված տարբեր տեսակի ապօրինի եւ դատապարտելի գործարքների համար: Այդ լրագրողն ընդհուպ կորցրեց աշխատանքը: Հունգարիայի հետաքննող լրագրողներն էլ բացահայտել են, որ Պանամայի փաստաթղթերից ստացված տվյալների հիման վրա Հունգարիայում օֆշորային հաշիվներին միլիոնավոր եվրոներ են փոխանցվել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից դեռեւս ամիսներ առաջ: Փոխանցումները տեղի են ունեցել նախկինում գոյություն ունեցած ընկերությունների միջեւ, որոնք շատ արագ անհետացել են: Անհնարին է պարզել, թե կոնկրետ ով՝ որպես ֆիզիկական անձ, ում է վճարել, սակայն փաստերն այնպիսինն են, որ այժմ ոչ մի կասկած չկա, որ Սաֆարովի արտահանձնումը գնված էր: Սա պետք է Հունգարիայի իշխանությունների համար առիթ լինի մանրակրկիտ հետաքննություն իրականացնելու համար, եթե իհարկե այս գործով զբաղվելու համարձակություն ունեցող իշխանություն մնացել է այդ երկրում»,- եզրափակեց Եվրախորհրդարանի պատգամավորը:

Սյուզի Մուրադյան

Տեսանյութեր

Լրահոս