«Չի կարելի վստահել թուրքերին. չի բացառվում, որ մի օր C-400-ները հայտնվեն նաև Ադրբեջանում». Սուրեն Սարգսյան

Հարցազրույց ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

 – Պարոն Սարգսյան, օրերս Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց, որ միտում կա խիստ նվազեցնել ԱՄՆ-ի դերը ՄԽ-ում՝ նախաձեռնությունը ՌԴ-ին զիջելու կամ թողնելու առումով։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

– Ոչ, ես նման միտում չեմ տեսնում։ ԱՄՆ-ը շարքային պետություն չէ, որ հնարավոր լինի նրան ինչ-որ գործընթացից հեռացնել, եթե ԱՄՆ-ը չի ուզում այդ գործընթացից դուրս գալ։ Նույնը Ռուսաստանին է վերաբերում։ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան չեն կարող ոչինչ անել և ՄԽ-ից հեռացնել ՌԴ-ին։ ՄԽ համանախագահները միջնորդներ են, այդ միջնորդներին մենք ենք ընտրել, և նրանք միմյանց չեն կարող հեռացնել այդ գործընթացից։ Միգուցե ինքնակամ լքեն, դա այլ խնդիր է։

– ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը, ըստ որոշ փորձագետների՝ ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի այդ կառույցի վրա, քանի որ կարողացավ հասնել տարածաշրջանում միակ գրասենյակի փակմանը։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

– ԵԱՀԿ-ում որքան ազդեցություն ունի Ադրբեջանը, այդքան ազդեցություն ունի ԵԱՀԿ ցանկացած անդամ-պետություն։ Դա պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Հիմա այս հարցում Ադրբեջանի ազդեցությունը քաղաքական գործընթացներում կամ անդամ-պետությունների աջակցության առումով, իհարկե, ավելի ուժեղ կարող է լինել։ Բայց, մեծ հաշվով, ԵԱՀԿ-ում բոլորն ունեն հավասար ձայնի իրավունք և որոշումներն ընդունում են համընդհանուր կոնսենսուսով։

– Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 համակարգերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր կնքվեց. որոշ փորձագետների կարծիքով՝ սա ի հակակշիռ Արևմուտքի է, մյուսներն էլ նույնիսկ կարծիք ունեն, որ համակարգերը կարող են փոխանցվել Ադրբեջանին՝ նույն «Իսկանդերների» դեմ պայքարում։ Այս խնդրի վերաբերյալ ի՞նչ կասեք։

– Իհարկե, կարծիքները տարբեր են։ Վերավաճառելու հանգամանքը ես չեմ բացառում. Նույնիսկ, եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև կա պայմանավորվածություն, ստորագրված պայմանագիր, որ սա չի վաճառվելու, միևնույն է՝ չի կարելի վստահել թուրքերին, և չի բացառվում, որ մի օր դրանք հայտնվեն նաև Ադրբեջանում։ Սա ոչ ոք չի կարող բացառել։ Եթե Էրդողանը չնվիրի Ադրբեջանին, ապա հաջորդ նախագահը կարող է դա անել։

Բայց Հայաստանի համար С-400-ների վտանգի մասին խոսակցությունները չափազանցված են, որովհետև դա հակաօդային պաշտպանություն է։ Հայաստանի կողմից Թուրքիան հակաօդային պաշտպանության կարիք չունի, որովհետև նման վտանգ իրեն չի էլ սպառնում հայկական կողմից։

– Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է հարևան երկրներին զենք վաճառել, արդյո՞ք դա Հայաստանին էլ էր վերաբերում, և կա՞ հնարավորություն Իրան-Հայաստան ռազմական համագործակցության, թե՞ «խանդոտ» Ռուսաստանը դա թույլ չի տա։

– Այստեղ այդքան «խանդոտ» Ռուսաստանի խնդիրը չէ, որքան ԱՄՆ-ի խնդիրն է։ ԱՄՆ-ը չափազանց բացասական է վերաբերվում, երբ որևէ պետություն փորձում է համագործակցություն ունենալ Իրանի հետ։ Սա շատ լուրջ խնդիր կարող է առաջացնել նաև Իսրայելի հետ։ Եթե Հայաստանն ավելի խորը ռազմական համագործակցություն ունենա Իրանի հետ, սա մտահոգության տեղիք է տալու Իսրայելում։ Այնպես որ, այստեղ այդքան Ռուսաստանի ականջները չպետք է տեսնել, որքան պետք է տեսնել ԱՄՆ-ի կամ Իսրայելի ականջները։ Իսրայելը տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեցող պետություն է, և նրա հիմնական մրցակիցը, եթե ոչ՝ թշնամին, իհարկե, հենց Իրանն է։

– Խոսեցիք Իսրայելի մասին.  Իսրայելի կողմից մի քանի անգամ առաջարկներ եղան՝ շահավետ պայմաններով զենք վաճառել նաև Հայաստանին։ Սա ի՞նչ էր նշանակում, և արդյո՞ք Հայաստանն ունի իսրայելական զինամթերքի կարիքը։

– Իսրայելական զինամթերքի կարիքն ունի թե ոչ, ռազմական գործիչներին պետք է հարցնել, թե ի՞նչ զինատեսակներ կան Իսրայելում, որոնք հայկական զինուժը կարող է ունենալ։ Չեմ կարծում, որ այդ զինատեսակներն ավելի էժան և ձեռնտու լինեն, քան ռուսական զինատեսակները, որոնք այսօր ձեռք ենք բերում։ Վստահ եմ, որ, եթե իսրայելական զենքը մեզ անհրաժեշտ լիներ, և դրա համար ունենայինք ֆինանսական միջոցներ, ապա ձեռք կբերեինք այն։ Չեմ կարծում, որ այստեղ Ռուսաստանի կամ այլ պետության կողմից ինչ-որ խանդ կլիներ, քանի որ մենք նաև զենք ենք ձեռք բերել Չինաստանից։ Եվ, ըստ էության, այստեղ լուրջ ճնշումների չենք ենթարկվել ոչ ոքի կողմից, այդ թվում նաև՝ Ռուսաստանի, որը մեր սպառազինության 99%-ի մատակարարն է։

– Իսկ ի՞նչ են նշանակում Իսրայելի այդ հայտարարությունները։

– Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի կոնտեքստում եմ առաջարկում դիտարկել, որովհետև Իսրայելն ասում է, որ իրենք ոչ թե զենք են  վաճառում Ադրբեջանին, որ դա օգտագործվի Հայաստանի դեմ, այլ ընդհանրապես բոլորին են զենք վաճառում, և, եթե Հայաստանին անհրաժեշտ է, ապա նրան էլ կարող են այդ զինատեսակները վաճառել, որպեսզի հետո իրենց չմեղադրենք, թե տարածաշրջանում զենքերի կամ զինամթերքի կամ քաղաքական կամ այլ պրոցեսների հավասարակշռությունը խախտում ենք։ Սա առաջարկում եմ դիտարկել այս կոնտեքստում։

– Բայց նաև կարծիքներ կան, որ սա հակաիրանական կոնտեքստում է.  Իսրայելը փորձում է տարածաշրջանի պետությունների հետ սերտ կապեր հաստատել՝ ի հակակշիռ Իրանի։

– Բնական է, որ ինչպես՝ աշխարհի, այնպես էլ՝ տարածաշրջանային գերտերությունները կամ ընդհանրապես երկու հարևան պետություններ մշտապես շահերի բախում կարող են ունենալ և ազդեցության տարածման համար կարող են ունենալ լայն հնարավորություններ՝ երրորդ երկրների նկատմամբ։ Հիմա ակնհայտ է, որ մեր և Ադրբեջանի հարաբերությունները բացասական են, և մենք պետք է հնարավորինս ազդեցություն ունենանք Վրաստանի վրա, որն այս երեք պետություններից երկուսի հետ էլ ունի բարիդրացիական հարաբերություններ։ Ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մենք պետք է ունենանք այդ ազդեցությունը։ Մենք մրցում ենք Վրաստանում ազդեցություն ունենալու համար, բնական է, որ Իրանն ու Իսրայելը պետք է մրցեն, ենթադրենք՝ Արաբական աշխարհում կամ Եգիպտոսում, Հայաստանում, Ադրբեջանում իրենց ազդեցությունն ունենալու համար։ Սա բնական գործընթաց է երկրների արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի համար, և այստեղ որևէ զարմանալու բան չեմ տեսնում։

– Սեպտեմբերի 25-ին սպասվում է Քրդստանի անկախության հանրաքվեն.  սա ի՞նչ հետևանքներ կունենա տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի համար։

– Իհարկե, սա տարածաշրջանում նոր իրողություններ է ձևավորելու, որովհետև քրդական պետության ստեղծումը մի տարածաշրջանում, որտեղ ակտիվ գործունեություն են ծավալում «Իսլամական պետությունն» ու այլ ահաբեկչական խմբավորումներ, չափազանց կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է, թեկուզ՝ անվտանգության առումով։ Մենք գիտենք՝ ինչպես է ստեղծվել ԻԼԻՊ-ը։ Այն ստեղծվել է անվտանգության վակուումի հետևանքով, որն «Արաբական գարնան» պատճառով ստեղծվեց այս տարածաշրջանում։ Երբ Իրաքում տապալվեց Սադամ Հուսեյնի իշխանությունը, որը կարողանում էր այս խմբերին ինչ որ ձևով կառավարել, երբ Լիբիան տապալվեց, նրա առաջնորդը սպանվեց, այս ամբողջ պրոցեսների հետևանքով երբ որ չեկավ էֆեկտիվ իշխանություն, ձևավորվեց մի վակուում՝ անվտանգության, քաղաքական իշխանության, և այս վակուումից օգտվեց ԻԼԻՊ-ը. ձևավորվեց, և դարձավ համաշխարհային գլխացավանք բոլորի համար։ Հիմա սրանով նաև ԻԼԻՊ-ի դերն է նվազելու, նրա դեմ պայքարն է ակտիվանալու, և այլն։

Երկրորդ՝ դա կարող է իրավական առումով ինքնորոշման իրավունքի իրացման հերթական նախադեպերից մեկը լինել, որը ՀՀ-ն Արցախի Հանրապետության համար մշտապես կարող է օգտագործել՝ ասելով՝ տեսեք, եթե Իրաքի քրդերին կարելի էր, ապա ինչո՞ւ չէր կարելի, ենթադրենք, Սովետական Ադրբեջանի տարածքում բնակվող հայերին իրենց պատմական տարածքը վերցնել և անջատվել։ Այս առումով սա, իհարկե, ունենալու է իր դրական ազդեցությունը։

– Իսկ դրա համար Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է անի. Հայկական դիվանագիտությո՞ւնը պետք է աշխատի այս ուղղությամբ։

– Այստեղ միայն դիվանագիտության խնդիրը չէ, սա Հայաստանի ընդհանուր արտաքին քաղաքականության խնդիրն է։ Ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը՝ քրդական պետության ձևավորման հետ կապված, շատ հստակ կներկայացվի մոտ ժամանակներս։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, պետք է ընդամենը մի քանի օր սպասենք, հասկանանք՝ հանրաքվեն իրոք կայանո՞ւմ է, թե՞ հետաձգվում է որոշ կամ անորոշ ժամանակով։ Եթե հանրաքվեն կայանա, ապա մենք մեր անելիքները պետք է համապատասխանեցնենք նաև այս հանրքավեին՝ տալով դրան նախադեպային ուժ։

Տեսանյութեր

Լրահոս