
«Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» իսկական լեգենդն է». Ժոզե Մոուրինիո

Ժոզե Մոուրինիոն վստահ է, որ Ուեյն Ռունին հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ուեյն Ռունին «Էվերթոն» վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Օլդ Թրաֆֆորդում» անցկացնելով վերջին 13 մրցաշրջանները: Այդ ընթացքում Ռունիին հաջողվել է դառնալ «կարմիր սատանաների» պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ 559 խաղերում խփելով 253 գոլ, ինչպես նաև՝ օգնել ակումբին նվաճել ԱՊԼ-ի 5 չեմպիոնական տիտղոս, 1 Չեմպիոնների լիգա և 1 Անգլիայի գավաթ:
«Կարծում եմ, որ Ռունիին սպասվում է արժանի ընդունելություն:
Ես կարծում եմ, որ այս երկրում «լեգենդ» բառը չափից շատ է օգտագործվում, բայց սա այդ դեպքը չէ: Ուեյնը հանդիսանում է այս ակումբի իսկական լեգենդը: Ըստ իս՝ նա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է: Կարծում եմ՝ մարզադաշտը նրան կվերաբերվի այն հարգանքով, որին նա արժանի է: Բայց հուսով եմ, որ դա տեղի կունենա խաղից առաջ և հետո, բայց ոչ՝ խաղի ժամանակ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն» խաղը տեղի կունենա կիրակի՝ սեպտեմբերի 17-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը