«Ժառանգությունը» չի պատրաստվում որևէ բան նախաձեռնել՝ ի պաշտպանություն ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության
«Շատ դրական եմ վերաբերվում այն հանգամանքին, որ «Ելքի» մեր գործընկերները որոշակի զիգզագներից հետո եկան այն տեսակետին, ինչ հայտնում էր «Ժառանգությունն» ի սկզբանե՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով «Ելքի»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին:
Ա. Մարտիրոսյանն ասաց, որ ինքը շատ դրական է գնահատում, որ խորհրդարանում նմանատիպ հայտարարության նախագիծ, տեսակետ կա. «Ցանկացած պարագայում պետական գործընթացների տեսանկյունից միշտ այլընտրանքային կարծիք ունենալը դրական է, առավել ևս, ԵԱՏՄ-ից դուրս գալը ոչ միայն այլընտրանքային կարծիք եմ համարում, այլև ճիշտ գործընթաց»:
Խոսելով այն մասին, թե իրենք կաջակցե՞ն այդ նախաձեռնությանը՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ, եթե իրենց կդիմեն, այդ ժամանակ կքննարկեն այդ խնդիրը:
Հարցին, թե ինչքանո՞վ է հավանական, որ «Ելքը» հաջողություններ կգրանցի խորհրդարանում, թե՞, այնուամենայնիվ, հասարակության ճնշման անհրաժեշտություն էլ կլինի, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.
«Բնականաբար, դա այնպիսի խնդիր է, որ միայն խորհրդարանով հնարավոր չէ դրական արդյունք արձանագրել, որովհետև ակնհայտորեն արդեն իսկ Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի շուրթերով իշխանությունն իր բացասական կարծիքը հայտնել է, և ակնհայտ է, որ քվեարկությունն ինչպես իշխանությունը որոշի, այնպես էլ կլինի: Դրա համար առանց հասարակական աջակցության, որը միայն փողոցում կարող է լինել, որևէ կերպ ինչ-որ դրական ակնկալիք սպասել պետք չէ: Եվ ընդհանրապես, դրական ակնկալիքներ մի փոքր բարդ եմ պատկերացնում այս իշխանության պարագայում, որովհետև այս իշխանության պարագայում որևէ փոփոխություն այդ առումով չի լինի, ուստի, թեկուզ փողոցում առաջին քայլի անհրաժեշտությունը կլինի իշխանափոխություն իրականացնելը»:
Մեր ճշտող հարցին, թե՝ Ձեր կարծիքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն այն հարցը չէ՞, որ կարող է հասարակությանը ոտքի հանել, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ոչ թե դա այն հարցն է, որը չի կարող մարդկանց ոտքի հանել, այլ, ըստ նրա՝ որպեսզի փոփոխություն լինի այդ հարցի առումով, իշխանափոխություն է պետք. «Որովհետև այս իշխանությունն ակնհայտորեն երբևէ քայլ չի կատարի ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է՝ «Ժառագությունն»՝ ի աջակցություն այդ նախաձեռնությանը, փողոցում որևէ ակցիա նախաձեռնի: Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց. «Որևէ քայլ եթե կոնկրետ այդ ուղղությամբ կատարվի, ապա դա պետք է լինի մշակված, մեկը մյուսին փոխլրացնող, ուղղակի «Ժառանգությունն» ինքնուրույն հելնի և ինչ-որ պայքար իրականացնի, արդյունավետ չի կարող լինել և որևէ ձևով քաղաքական առումով չի կարող ճիշտ լինել, դրա համար միանշանակ կարող եմ ասել, որ նման քայլ չի կարող իրականացվել «Ժառանգության» կողմից: Միասնական պայքար է պետք»:
Հարցին էլ, թե՝ հասարակության մեջ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ տեսնո՞ւմ եք, թե՞ դա ընդամենը մի քանի քաղաքական ուժերի օրակարգում է, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ հասարակական պահանջի համար նախ պետք է այդ ինֆորմացիան հասարակությանը տրամադրվի, ինչը չի արվում. «Առաջին հերթին պետք է քաղաքացիներին հնարավորություն ընձեռենք տեղեկացնել, թե ինչ է կատարվում, երկրորդ հերթին արդեն կկազմակերպվի»: