«Սա որևէ կապ չի կարող ունենալ ընտրությունների հետ». Վահրամ Բաղդասարյանը հերքեց Նիկոլ Փաշինյանին
«Ցանկացած բան ուզում են կապել ընտրությունների հետ: Սա որևէ կապ չի կարող ունենալ ընտրությունների հետ»,- այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե երեկ Երևանում տեղի ունեցած սպանությունը կապ ունի նոյեմբերին կայանալիք Ալավերդու քաղաքապետի ընտրությունների հետ:
Ըստ նրա` որևէ պետություն, որևէ երկիր երաշխավորված չէ նման դեպքերից:
Բաղդասարյանի խոսքով` իրավապահները պետք է աչալուրջ լինեն, բացահայտեն նման գործողությունները և կանխեն:
Դիտարկմանը, որ Բաղդասարյանն ինքը Լոռու մարզից է, ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ նա շտապեց հայտարարել, որ չի ճանաչում այդ անձանց և նրանք ընտրությունների ժամանակ որևէ տեղ չեն երևացել:
Անդրադառնալով սոցցանցերում տարածված կարծիքին, որ Վանո Սիրադեղյանը պետք է վերադառնա ու կարգուկանոն հաստատի, իսկ Սերժ Սարգսյանը չի կարողանում «գողականների» դեմն առնել, Վ.Բաղդասարյանը նշեց.
«Որևէ մեկին կանչելու կարիք չունենք: Ճիշտ չի նախկին ոստիկանապետին համեմատել նախագահի հետ: Այսօր ամեն ինչ արվում է նման հանցագործների բացառման, իսկ եթե կատարվում են, բացահայտման համար»:
Վ.Բաղդասարյանն օրինակ բերեց զարգացած երկրներում վենդետաները. «Մեր երկրում պետք է բացառենք, բայց երկու դեպքի հետ կապված մենք չպետք է մտածենք անձերի փոփոխության մասին: Ոստիկանությունը և իրավապահները պետք է գտնվեն իրենց տեղերում և շատ արագ բացահայտեն կատարվածը: Միջազգային կառույցների գնահատմամբ, ՀՀ-ն ամենաազատ և ամենաանվտանգ երկրներից մեկն է: Դա է պատճառը, որ զբոսաշրջությունը գնալով աճում է»: