«ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրում մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ դրույթ չկա, քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ է». Պետրոս Սուրմելիս
«ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը մի շարք պայմաններ կընձեռի հայկական բիզնեսին։ Պայմանագիրը հնարավորություն կտա ավելի հեշտացնել Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների մուտքը դեպի ԵՄ երկրներ։ Դա հնարավորություն կտա զարգացնել գյուղատնտեսությունը Հայաստանում, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի գյուղատնտեսական մթերքի ներկայությունը Եվրոպայում»,- այսօր «Եվրոպան Հայաստանում» խորագրով ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսի առթիվ հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը։
Նրա խոսքով՝ շրջանակային պայմանագրի նպատակներից մեկն է՝ բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, ինչպես նաև՝ բարելավել արտահանման շուկան.
«Բիզնես միջավայրի բարելավման ուղղություններից մեկը պետական գնումների իրավիճակի բարելավումն է, և այս պայմանագրում մենք ունենք հատուկ պայմաններ և դրույթներ, որը հնարավորություն կտա պետգնումների գործընթացը դարձնել ավելի պարզ ու թափանցիկ: Մյուս կարևոր ոլորտը մրցակցային միջավայրն է, և մենք այս պայմանագրով նախատեսում ենք բարելավել վիճակն ու ստեղծել մի մարմին, որը կզբաղվի հենց մրցակցային մթնոլորտով: Մրցակցությունը պետք է լինի արդար, և չպետք է լինեն խաղի այլ կանոններ»։
Նա նշեց, որ շրջանակային համաձայնագրում հատուկ պայմաններ են նախատեսվում պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների վերաբերյալ, որպեսզի նրանք խաղան նույն կանոններով, ինչպես շուկայի մյուս խաղացողները:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ստորագրվելիք շրջանակային ու նախկինում Հայաստանին առաջարկված ասոցիացման համաձայնագրերի համեմատությանը՝ Պետրոս Սուրմելիսը նշեց, որ շրջանակային համաձայնագրում մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ դրույթ չկա.
«Դա հիմնված է այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Սակայն Հայաստանն օգտվում է GSP+-ի արտոնություններից, և մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն, կամ շատ ցածր մաքսատուրքով են»։