Բաժիններ՝

22-ամյա Հերիքնազի ինքնատիպ գործերը. դդմագործության շունչը

Հերիքնազ Խաչիկյանը ծնվել է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում: 12-13 տարեկանից զբաղվել է դդմագործությամբ: Վերջին 4-5 տարում արդեն մշակված դդումների վրա ասեղնագործում է, փորագրում, նկարազարդում: Այս մասին գրում է asparez.am-ը։

«Զարդարում եմ դդումները, դրանք կիրառելի եմ դարձնում, հետաքրքիր միտք եմ իրենց մեջ դնում, իսկ տարիներ առաջ դդումների, այսպես ասած, լեզուն չէի հասկանում: Դդումներն անընդհատ փչանում էին»,-ասում է Հերիքնազը:

Հերիքնազ Խաչիկյան 11Հերիքնազ Խաչիկյանն ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կիրառական արվեստի բաժինը, այս տարի ընդունվել է նույն բուհի կերպարվեստ եւ գծագրություն բաժնի մագիստրատուրան: Ասում է, որ համալսարանական կրթությունը մեծ նշանակություն է ունեցել դդմագործության համար: 22-ամյա երիտասարդը կարողացել է արվեստի ճյուղերի մասին գիտելիքները կիրառել դդմագործության մեջ:

Դդումներում պահել են սնունդը եւ թաքցրել թուրքերից

Դդմագործության հանդեպ սեր ու հետաքրքրություն Հերիքնազի մոտ առաջացել է դեռ փոքր տարիքում: Տատն ու պապը գաղթի տարիներին Բագարան գյուղից տեղափոխվել են Երվանդաշատ: Այդ տարիներին չեն ունեցել կիրառելի ափսեներ, տարաներ, տարբեր պարագաներ. ստիպված հատուկ տեսակի դդմիկներ են աճեցրել, ապա այդ դդումների մեջ չրեր պահել: Այդկերպ սնունդը կարողացել են թաքցնել թուրքերից:

«Այս պատմությունները լսելուց հետո ինձ մոտ միտք առաջացավ գտնել այդ տեսակի դդումներ: Մի քանի տարի պահանջվեց այդ դդումները գտնելու համար: Հայաստանում այդ դդումներից շատ կա, հիմնականում Սյունիքի մարզում են աճեցնում, Արմավիրի մարզում դեռ չեմ հանդիպել»,-ասում է Հերիքնազը:

Մի քանի տարի էլ պահանջվել է, որ Հերիքնազը դդումները մշակի: Ասում է, որ սկզբում այդ դդումները նեխվել են, չի կարողացել դրանցով կոլաժներ պատրաստել ու նկարազարդել:

Հայաստանի դդմաշխարհը

Վերջին 4-5 տարում արդեն Հերիքնազը մշակված դդումները նկարազարդում եւ վաճառում է: «Դդումներն ինքնուրույն աճում են, ոչ մի արհեստական միջոցների չեմ դիմում»-ասում է նա:

Հերիքնազն ասում է, որ այդ դդումները սովորական դդումներից տարբերվում են, ուտելու համար նախատեսված չեն: «Դեկորատիվ դդումներ են, ներսը փափուկ է, միայն սերմերն են ուտելու»,-բնութագրելով դդումները` շարունակում է նա:

Մայիսին ցանում են դդումների սերմերը, հոկտեմբերի վերջերին` քաղում, 2 տարի շարունակ դդումները չորանոցում են պահում, չորացնում տանիքում, մշակում, ապա նոր Հերիքնազը նկարազարդում է:

Հերիքնազն ասում է, որ մշակված ու նկարազարդված դդումներն հիմնականում խոհանոցներում են հարմար, դրանցում սխտոր, սոխ, չիր, կոնֆետ են պահվում: Դդումներից պատրաստում է նաեւ գրչաման, զամբյուղ, մոմակալ, կիրառելի տարբեր պարագաներ:

Երիտասարդ արվեստասերը նախատեսում է այսուհետ այնպես մշակել դդումները, որ դրանցում հնարավոր լինի պահել գինի:

Հերիքնազն ասում է, որ Հայաստանում գնորդներն այս ստեղծագործություններով այնքան էլ հետաքրքրված չեն, հիմնականում զբոսաշրջիկներն են գնում:

Զբոսաշրջիկները նախընտրում են գնել միջին ու փոքր դդմիկներով պատրաստված գործերը, քանի որ մեծ դդմիկները տեղափոխման խնդիրներ են ստեղծում: Հերիքնազի որոշ աշխատանքներ գնվել ու տարվել են ԱՄՆ, Ղազախստան, Չինաստան, Ուկրաինա եւ այլուր:

Հայաստանում անհետանում է, Հայաստանից դուրս` ծաղկում

Հերիքնազը շատ է ուսումնասիրել դդմագործությունը: Ասում է, որ հնում այս արվեստը տարածված է եղել. ամեն մի մարզում այսպիսի դդումներն առանձին անուններ են ունեցել. օրինակ Արարատի մարզում անվանել են` ջոգրա, Հայաստանի մեկ այլ մարզում` շշադդումներ եւ այլն:

Անի Մկրտչյան

Լուսանկարները` Հ.Խաչիկյանի ֆեյսբույքան էջից

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս