«Անլուրջ են այն բոլոր քաղաքական ուժերը, որ համարում են, թե որևէ մեղքի բաժին կամ պատասխանատվության չափ չունեն»

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության փոփոխության միակ հնարավորությունը նպատակների ու առաջնահերթությունների վերացումն է: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով կոալիցիային նոր ուժեի միանալու հավանականությունը:

«Նույն համաձայնագրով նախատեսված է, որ մի կողմը մյուսին տեղյակ պահելով, կարող է դուրս գալ կոալիցիայից,- ասաց նա` հիշեցնելով, որ ժամանակին իրենք կոալիցիայից դուրս եկան այն պատճառով, որ խախտվել էր նպատակների տրամաբանությունը,- Մենք որևէ մեկի հետ հարաբերվելու տաբու չունենք: Մեր երկրում առավել ևս մենք չունենք որևէ թշնամի: Ուենալով գործընկերներ, կարող ենք ունենալ գաղափարական հակառակորդներ»:

Ա. Ռուստամյանը նշեց, որ եթե գործընկերները պատրաստ լինեն համագործակցելու, իրենք ևս պատրաստ են, ավելին` այսօր էլ «Ծառուկայն» և «Ելք» խմբակցությունների հետ իրենք համագործակցում են օրինագծերի շուրջ:

«Կոալիցիան թե ինչ ձևերով կլինի, ես չեմ կարող ասել, շատ «թե»-ական, հիպոթետիկ է»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Կարդացեք նաև

Հարցին` երրորդ ուժի կարիք ունե՞ք կոալիցիայում, Ա. Ռուստամյանը պատասխանեց.

«Մենք ողջ ժողովրդի աջակցության կարիքն ունենք»:

Նրա խոսքով` իրենք պետք է ապացուցեն, որ քաղաքական փոփոխությունները բերելու են կենացաղային խնդիրների հեղափոխական փոփոխությունների:

Հարցին` ՀՅԴ-ն պատասխանատվություն զգում է այսօր երկրի վիճակի համար, հաշվի առնելով, որ նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ կուսակցությունը իշխանության մեջ էր.

«Անլուրջ են այն բոլոր քաղաքական ուժերը, որ համարում են, թե որևէ մեղքի բաժին կամ պատասխանատվության չափ չունեն: Նշանակում է` իրենք չկան: Չի կարող քաղաքական ուժն ինչ-որ ազդեցություն ունենալ և իրավիճակը բարվոք չլինի, ուրեմն՝ այդ չափով պատասխանատու է:

Մենք էլ մեր չափով պատասխանատու ենք: Սերժ Սարգսյանն ընդունեց մեր առաջարկած 7 կետերը: Գլոբալ առումով ՀՀ ընթացքի մեջ տեղի է ունեցել բեկում: Մենք նոր համակարգ ենք որդեգրել, և սա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ ունեցած մեր հարաբերությունների արդյունքում»:

Ա.Ռուստամյանի խոսքով` կառավարության գործունեությունը թափանցիկ և հաշվետու է դարձել, հարկային և մաքսային ոլորտներում մոտ կիսով չափ կրճատվել են ստուգումները և ավելացել հավաքագրվող հարկերը.

«Խնդիրները լուծման ձևեր ունեն: Բայց որևէ մեկը չի առաջարկում որևէ այլ լուծում, քան` ես գամ, լավ կլինի: Մենք նախընտրում ենք բարեփոխումները»:

«Երկրի պատմության մեջ դուք չեք կարող մատնանշել մի հատված, որ ՀՅԴ համար լավ է եղել, իսկ ժողովրդի համար` վատ»,- վստահեցրեց Ա. Ռուստամյանը:

Տեսանյութեր

Լրահոս