![](/banners/BeFunky-design.jpg)
Առանց Բագրատյանի և Ջհանգիրյանի հետաքրքիր չէ. «Առավոտ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/bagratyan.jpg)
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Չգիտեմ՝ կհամաձայնեք ինձ հետ, թե չէ, բայց այս գումարման Ազգային ժողովի նիստերը մի տեսակ հետաքրքիր չեն անցնում: Իհարկե, այս կազմում նույնպես կան հրաշալի պատգամավորներ, բայց, միեւնույն է, ընդհանուր ֆոնը բավականին գորշ է:
Եվ կարծում եմ՝ պատճառն այն է, որ պակասում են մասնագետները՝ այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք էին Հրանտ Բագրատյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը:
Ընդհանրապես Հայ ազգային կոնգրեսը կարեւոր երանգ էր խորհրդարանում՝ ասում եմ դա` շատ դեպքերում չկիսելով այդ կուսակցության քաղաքական ուղղվածությունը եւ, առավել եւս, գործելաոճը: Խորհրդարանը կարիք ունի նաեւ մարդկանց, որոնց դասական քաղաքական գործիչ չես անվանի, որոնք հարցերին մոտենում են զուտ մասնագիտական տեսանկյունից, եւ այդպիսիք են իմ նշած տնտեսագետն ու իրավաբանը: Հրանտ Բագրատյանն, անշուշտ, հախուռն բնավորություն ունի, երբեմն չափից դուրս մեծամիտ է եւ կատեգորիկ:
Վերջերս դարձյալ «պատմության մեջ ընկավ»՝ եկեղեցու դերի վերաբերյալ իր ծայրահեղական գնահատականի պատճառով: Այդ թեմայով, հավանաբար, առիթ կլինի գրելու. այստեղ պարզապես նշեմ, որ ոչ մի բան, իմ կարծիքով, չարժե բացարձակացնել, այդ թվում՝ եկեղեցու, կրոնի, հավատքի դրական կամ բացասական դերը:
Բայց երբ Բագրատյանը խորհրդարանում խոսում էր տնտեսական թեմաներով, միանգամից զգացվում էր, որ նա գիտի, կարդացել է, ուսումնասիրել է հարյուր, հազար անգամ ավելի մեծ նյութ, քան այն, որը նա մատուցում է ԱԺ ամբիոնից:
Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները թեեւ չէին համաձայնում նրա հետ, բայց միեւնույն է՝ հաշվի էին առնում նրա կարծիքը, փորձում էին փաստարկներ գտնել եւ այլն: Բագրատյանի բացակայությունն, ինձ թվում է, լուրջ կորուստ է խորհրդարանի համար: Գագիկ Ջհանգիրյանը նույնպես, մեղմ ասած, կատարելության մարմնավորում չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: