Պաշտոնական այցով կսփոփեն վրացիներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրացական աղբյուրների փոխանցմամբ` սեպտեմբերի 24-25-ն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան կլինի հագեցած: Ինչպես ասում են` «Նե վեզյոտ նամ վ սմերտի, պավեզյոտ վ լյուբվի». չմասնակցեցինք զորավարժություններին, «կմասնակցենք հանդիպումներին»:

Բժիշկ Բաբլոյանն այդ ընթացքում կհասցնի ստուգել վրաց ողջ իսթեբլիշմենթի ջերմությունը հայոց հանդեպ. կհանդիպի նախագահ Մարգվելաշվիլու, վարչապետ Կվիրիկաշվիլու, խորհրդարանի նախագահ Կոբախիձեի, ԱԳ նախարար Ջանելիձեի հետ: Իսկ պաշտպանության նախարարի՞, հարցրինք մեր աղբյուրին: «Նման հանդիպում նախատեսված չէ»:

«Տղա՞ եք բերում» Հայաստանից սաքրեբուլոյի ընտրությունների շեմին` Ջավախքի մասով։ «Ոչ, նման հարց այցի օրակարգում չկա»,- հավատացրեց մեր զրուցակիցը: Բաբլոյանի այցը կառանձնանա եւս մեկ շտրիխով. մինչ այժմ Թբիլիսիում չկա հուշատախտակ, որն արձանագրում է, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը. հիշեցնենք, որ Հայաստանի առաջին կառավարությունն այդ օրերին գտնվում էր Թբիլիսիում:

Ի դեպ, հուշատախտակը բացվելու է ԱԺ նախագահի այցի ժամանակ, բայց բավականին ուշացումով՝ Ադրբեջանի եւ Վրաստանի համանման հուշատախտակները տարիներ առաջ են դրվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս