Լեդի Գագան հիվանդ է ֆիբրոմիալգիայով
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան հայտնել է, որ ինքը հիվանդ է խրոնիկական ֆիբրոմիալգիայով: Այս հիվանդությունն ունեցող մարդիկ, որպես կանոն, տառապում են ամբողջ մարմնում խրոնիկական սիմետրիկ ցավից: Հիվանդությունը մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, ինչը դժվարացնում է դրա բուժումը, տեղեկացնում է BBC-ին:
Երգչուհին այդ մասին հայտնել է Twitter-ում: Այստեղ էլ նա ասել է, որ այս հիվանդության հետ կապված իր կյանքի մասին պատմում է իր վերջին վավերագրական ֆիլմում:
«Ես ցանկանում եմ օգնություն ցուցաբերել իրազեկվածության ընդլայնման հարցում եւ միավորել այն մարդկանց, որոնց մոտ այդ հիվանդությունն առկա է: Մենք բոլորս կարող ենք պատմել այն մասին, թե ինչն է օգնում, եւ ինչից է առաջանում ցավը»,-գրել է Լեդի Գագան:
Լեդի Գագան այն մասին, որ խրոնիկական ցավեր է ունենում, խոսում էր դեռ 2013 թվականին, բայց միայն հիմա է բացահայտել այդ ցավի պատճառները: 31-ամյա երգչուհին ելույթ է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում, որտեղ ցուցադրում են նրա վավերագրական ֆիլմը՝ «Գագա. հինգ ֆուտ եւ երկու դյույմ»: Ֆիլմն արդեն էկրան է բարձրացել ԱՄՆ-ում եւ շուտով կցուցադրվի նաեւ այլ երկրներում:
Ֆիբրոմիալգիայով տառապող մարդկանց մոտ բազմաթիվ ախտանիշներ են լինում. նրանք հաճախ տառապում են վատ քնից, մկանների քարացածությունից, գերհոգնածության սինդրոմից, հիշողության կորստից, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման խանգարումներից:
Ֆիբրոմիալգիայից տառապում է բնակչության մոտավորապես 4 տոկոսը: Այս ախտորոշմամբ մարդկանց շրջանում յոթ անգամ ավելի շատ են կանայք, քան տղամարդիկ: