Եվրամիության համար կարևոր է Հայաստանի կայուն և շարունակական աճը. Պյոտր Սվիտալսկի

Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ: «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի շրջանակում հայտարարված «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթի փակման արարողության շրջանակում պատասխանելով ներկաների հարցերին՝ այս մասին նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մեր ռազմավարական նպատակն է ստեղծել Եվրոպայի հարևանության տարածքում բարգավաճում և հարստություն, հետևաբար ես ուրախ եմ ասելու, որ որքան շատ հաջողություններ ունենա Հայաստանը՝ իր տնտեսությունը բարեփոխելով, կառուցելով կայուն և շարունակական աճ, ստեղծելով աշխատատեղեր, այդքան ավելի լավ կլինի Եվրամիության համար, քանի որ ինչպես ասացի, մենք Հայաստանը համարում ենք եվրոպական ընտանիքի, մեր հարևանության կարեւոր մի մաս: Մենք ցանկանում ենք, որ հայերը, մասնավորապես՝ երիտասարդներն, իրենց երկրում գտնեն լիարժեք իրացում իրենց ձգտումներին»,- ասաց դեսպան Սվիտալսկին՝ հավելելով, որ միգուցե ռազմավարական իմաստով շատերի համար Հայաստանն այնքան էլ գրավիչ չլինի, այնուամենայնիվ, այս երկիրն ունի հարուստ մշակույթ, որը եվրոպական պատմության և ավանդույթների մի մասն է, տաղանդավոր մարդիկ, ովքեր կարող են լուրջ ներդրում ունենալ եվրոպական ինքնությունը համատեղ զարգացնելու գործում:

Տեսանյութեր

Լրահոս