
ԴիջիԹեքի բիզնես այցելուները մասնագիտական անվճար խորհրդատվություն կստանան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և BSC Բիզնեսի աջակցման կենտրոնը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ, ըստ որի՝ ԴիջիԹեքի բիզնես այցելուները ցուցահանդեսի օրերին ՏՏ լուծումների ներդրման վերաբերյալ մասնագիտական անվճար խորհրդատվություն կստանան և կտեղեկացվեն ցուցահանդեսին մասնակից թիրախային ընկերությունների մասին:
Բացի այդ, BSC կենտրոնը ԴիջիԹեքի մասնակից ընկերությունների համար կանցկացնի նաև խմբակային դասընթացներ ցուցահանդեսին արդյունավետ մասնակցության և ներկայացման հմտությունների թեմայով:
BSC Բիզնեսի աջակցման կենտրոնի տաղավարը կլինի 3-րդ հարկում:
13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևան էքսպո կենտրոնում:
Այս տարի ԴիջիԹեքն աննախադեպ է լինելու տեղական և միջազգային ընկերությունների մասնակցությամբ և լայն աշխարհագրությամբ: Ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն և 70 000 այցելու:
ԴիջիԹեքն իրականացվում է 2005 թ.-ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը, հովանավորն է Արփինետ ընկերությունը, պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:
Սիրարփի Աղաբաբյան