Բանգլադեշում ռոհինջա փախստականների թիվը հասել է գրեթե 400 հազարի
Մոտավորապես 400 հազար ռոհինջա մուսուլմաններ հարկադրված են եղել հեռանալ Մյանմայից և Բանգլադեշում ապաստանել Մյանմայի Ռաքհայնի նահանգում շարունակվող հակամարտության պատճառով: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալները:
«Օգոստոսի 25-ից շուրջ 400 հազար ռոհինջաներ են փախել Մյանմայից և ժամանել Բանգլադեշ: Ընդսմին օրական ժամանում են մոտավորապես 20 հազար նոր փախստականներ: Նրանց մոտավորապես 60 տոկոսը երեխաներ են»,-ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ փախստականների հոսքի կապակցությամբ այնպիսի հիմնական իրերի սուր անբավարարություն է զգացվում, ինչպիսիք են՝ ապաստանի տեղերը, ապրենամթերքը և խմելաջուրը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը 7,2 մլն ԱՄՆ-ի դոլար է խնդրել համաշխարհային հանրակցությունից ռոհինջա երեխաներին առաջիկա մի քանի ամսում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունը Մյանմայի Ռաքհայնի նահանգում, ինչի մասին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Եթովպայի մշտական ներկայացուցիչ Տակեդա Ալեմուն, որը սեպտեմբերին նախագահում է ԱԽ-ն:
«Անվտանգության խորհրդի անդամները լուրջ մտահոգություն հայտնեցին Ռաքհայնում տիրող իրադրության կապակցությամբ»,- ասել է դիվանագետը: «ԱԽ-ի անդամները պահանջեցին անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Ռաքհայնի նահանգում կատարվող բռնություններին, թուլացվի իրադրության լարվածությունը, վերականգնվի օրենքն ու կարգուկանոնը, ապահովվի խաղաղ բնակիչների պաշտպանությունը, լուծվի փախստականների խնդիրը»,- նշել է Ալեմուն: