Իսպանիայում հանրաքվեի օրը կարող են անջատել ընտրատեղամասերի լույսերը. El Mundo
Իսպանիայի կառավարությունը կարող է խնդրել դատարանին՝ կարգադրել անջատելու ընտրատեղամասերի էլեկտրականությունը Կատալոնիայի անկախության շուրջ անօրինական հանրաքվեի օրը, որը նշանակված է հոկտեմբերի 1-ին: Այդ մասին հայտնել է El Mundo թերթը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, Իսպանիայի իշխանությունները ցանկանում են կանխել ընտրական տեղամասերի բացումը, քվեարկության համար քվեատուփերի տեղադրումը եւ անջատականների տրամադրության տակ քեաթերթիկների հայտնվելը: Մադրիդը չի ցանկանում թույլ տալ, որ կրկնվի 2014 թվականի նոյեմբերի իրադրությունը, երբ տեղի ունեցավ կատալոնիական բնակչության անկախության անօրինական հարցում:
Դատախազությունն արդեն իրավապահ մարմիններին ցուցումներ է տվել միջոցներ ձեռնարկել հանրաքվեն կանխելու ուղղությամբ: Մասնավորապես, ոստիկանությունը հանրահարցման նյութերի որոնման գործողություն է իրականացնում: Նաեւ գերատեսչությունը ցուցմունքներ տալու համար կանչել է Կատալոնիայի շուրջ 700 քաղաքագլուխների, որոնք համաձայնել են աջակցել հանրաքվեի անցկացմանը: Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հավանություն էտվել երկու անջատողական օրենքների: Առաջինը, տեղական իշխանությունների պնդմամբ, իրավական հիմք է ստեղծում անկախության հանրահարցում անցկացնելու համար: Երկրորդը կարգավորում է Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալը հանրաքվեում թագավորության հետ կապերի խզման կողմնակիցների հաղթանակի դեպքում:
Մադրիդը թե՛ երկու օրենքները եւ թե՛ բուն հանրահարցումը համարում է անօրինական: Իսպանիայի իշխանությունները հավաստիացնում են, որ հանրաքվե չի լինի: Երկրի Սահմանադրական դատարանն արդեն կասեցրել է Կատալոնիայի իշխանությունների որոշումների գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: