ԱՄՆ պետդեպը ևս Ադրբեջանին կոչ է արել Մեհման Ալիևի վրայից հանել բոլոր մեղադրանքները
ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել Մեհման Ալիևի վրայից հանել բոլոր ավելորդ մեղադրանքները, նրա նկատմամբ իրականացնել արդար դատաքննություն և չխոչընդոտել «Թուրան» լրատվական գործակալության գործունեությանը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հեթեր Նոյերը հանդես է եկել Մեհման Ալիևի ազատ արձակման վերաբերյալ հայտարարությամբ:
«Միացյալ Նահանգները դրական է գնահատում սեպտեմբերի 11-ին «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի նկատմամբ նախքան դատավարությունը խափանման միջոցը փոխելու որոշումը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերացնել Մեհման Ալիևին առաջադրված բոլոր մեղադրանքները և չխոչընդոտել «Թուրան» լրատվական գործակալության աշխատանքներին, որպեսզի գործակալությունն առանց ընդհատումների կատարի իր կարևոր գործառույթները: Մենք շարունակում ենք Ադրբեջանի իշխանություններին կոչ անել չխախտել երկրում արտահայտման ազատությունը և մարդու իրավունքները: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում նաև ազատ արձակել այն բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են այս հիմնարար ազատությունները իրացնելու պատճառով»,-ասված է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ:
ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը, սեպտեմբերի 12-ին խոսելով Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևեի ազատ արձակման վերաբերյալ, հույս էր հայտնել, որ նրա վրայից ամբողջությամբ կհանվեն մեղադրանքները:
Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը, որպես պատիժ, վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:
«Թուրան»-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատելու հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված պատժի միջոցը:
Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:
«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:
Մեհման Ալիևին սպառնում էր 7 տարվա ազատազրկում: