Ադրբեջանում անցկացվելու են հանրային լսումներ քաղբանտարկյալների խնդիրներին առնչվող թեմայով
Ադրբեջանում Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կենտրոնը կազմակերպել է «Մեհման Ալիևի ազատ արձակումը և Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրները» թեմայով հանրային լսումներ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Հանդիպումը սեպտեմբերի 14-ին տեղի է ունենալու Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Կենտրոնի տարածած հայտարարության համաձայն` հանդիպումը բաց է, և դրան մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր անհանգստացած են Ադրբեջանում խոսքի ազատության և քաղբանտարկյալների ներկայիս իրավիճակով:
Հանդիպմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի միակ ընդդիմադիր լրատվամիջոցը համարվող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, ով օրեր առաջ է ազատ արձակվել:
Ադրբեջանական անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը որպես պատիժ վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:
«Թուրան»-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատելու հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված պատժի միջոցը:
Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:
«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:
Մեհման Ալիևին սպառնում էր 7 տարվա ազատազրկում: