Արա Զոհրաբյանը համերաշխության կոչ է արել
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում վերընտրվել էր տվյալ պաշտոնում, հանդես է եկել համերաշխության կոչով: Ներկայացնում ենք Ա. Զոհրաբյանի հայտարարությունն ամբողջությամբ:
«Հարգելի գործընկերներ, Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից: Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ: Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ:
Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս:
Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններպարզելու:
Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղելփաստաբանության զարգացմանը: Մեր ուժը միասնության մեջ է:
Սպասում եմ Ձեր արձագանքին»: