Բաժիններ՝

Ջիմի Քարտերն ԱՄՆ-ի արդի քաղաքական համակարգն «օլիգարխիա» է որակել

ԱՄՆ-ի երեսունիններորդ նախագահ դեմոկրատ Ջիմի Քարտերը Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքական համակարգը բնութագրել է որպես «օլիգարխիա»: Սեպտեմբերի 13-ին այս հայտարարությամբ պետության նախկին ղեկավարը հանդես է եկել Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) «Քարտերի կենտրոնի» շտաբ-կացարանում, ինչի մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

92-ամյա քաղաքական գործչի խոսքով՝ փողն ավելի ու ավելի մեծ դեր է խաղում ԱՄՆ-ի քաղաքական կյանքում, ինչը երկիրը նման է դարձնում «օլիգարխիայի, այլ ոչ թե ժողովրդավարության»: «Պահպանեք խաղաղությունը, առաջ մղեք մարդու իրավունքները եւ ասեք ճշմարտությունը»,- այս հանձնարարականներն է տվել Քարտերը քաղաքական գործիչներին:

Իր ելույթում նա արծարծել է նաեւ Կորեական թերակղզու ճգնաժամը: «Ես անմիջապես իմ մարդուն կուղարկեի Փենյան, եթե այնտեղ չմեկնեի ինքս»,- ասել է Քարտերը՝ հիշեցնելով, որ ինքը երեք անգամ եղել է ԿԺԴՀ-ում: Նրա կարծիքով՝ Փենյանը փնտրում է ԱՄՆ-ի կողմից չհարձակման երաշխիքներ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գնումէ առճակատման: «Քանի դեռ մենք չենք խոսի նրանց հետ եւ հարգանքով չենք վերաբերվի նրանց, ինչպես ինձ է թվում, ոչ մի առաջընթաց էլ չի լինի»,- ասել է Քարտերը:

Քարտերը, որը նախագահի աթոռն զբաղեցրել է 1977-ից մինչեւ 1981 թվականը, ԱՄՆ-ի՝ այժմ ապրող նախկին նախագահներից ամենաավագն է: 2002 թվականին դեմոկրատն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի «միջազգային հակամարտությունների խաղաղ լուծումների որոնման անխոնջ ջանքերի, ժողովրդավարության առաջմղման եւ մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացումը խթանելու համար»: Քարտերն ԱՄՆ-ի միակ նախագահն է, որն այս մրցանակն ստացել է նախագահական պաշտոնից հեռանալուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս