Հավանայում ավելի քան 4 հազար բնակելի շինություն է տուժել «Իրմա» փոթորկից. Granma
Կուբայի մայրաքաղաքում ավելի քան 4 հազար բնակելի շինություն է տուժել «Իրմա» փոթորկի հետեւանքով, որը հանգստյան օրերին մոլեգնել է կղզում: Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել է Granma թերթը։
Թերթի տեղեկատվությամբ՝ այս կամ այն չափով տուժել է 4288 բնակելի շինություն: Դրանցից, նախնական տվյալներով, լիովին քանդվել է 157-ը, մասնակի՝ 986-ը: Սեպտեմբերի 9-ին սրընթաց Հավանա են խուժել մինչեւ 11 մետր բարձրությամբ ալիքներ, ջուրն ավելի քան 500 մետր տարածվել է դեպի քաղաքի խորքը: Ջրի տակ են հայտնվել հռչակավոր Մալեկոն առափնյակը եւ ջրափնյա գծի երկայնքով ձգվող շատ փողոցներ:
Հավանայի մի քանի շրջաններ դեռեւս հոսանքազրկված են. փոթորկից տապալված ծառերը հանգեցրել են էլեկտրահաղորդման գծերի բազմաթիվ կտրվածքների: Բացի դրանից, լուրջ վնաս է հասցվել մի քանի ջերմաէլեկտրակենտրոնների, այդ թվում Մատանսասի նահանգի էլեկտրակայանին, որն սպասարկում է Հավանային: Քաղաքի մի շարք շրջաններում խախտվել է ջրամատակարարումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: