
Էջմիածնում տեղի ունեցած սպանությունից հետո դեպքի վայրից տեսագրություններ են առգրավվել. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքի վայրի հարակից տարածքից տեսագրություններ են առգրավվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին ժամը 00:20-ի սահմաններում կրակոցները հնչել են Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել են վարորդ Լեւոն Ավետիսյանը եւ 44-ամյա Կարեն Դավթյանը: Վերջինս Էջմիածնում հայտնի է որպես «Տուպիկի» Կարեն. նա քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի ընկերն է:
Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձվել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Բացի դրանից, կատարվել են բազմաթիվ քննչական, դատավարական գործողություններ, մասնավորապես՝ խուզարկություններ: Տռուզյանը, սակայն, ասաց, որ քննության շահից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հրապարակել:
Սպանությունից արդեն անցել է երկու օր, սակայն այն դեռեւս չբաահայտված է. թե ինչ նախնական վարկածներ են քննվում՝ եւս հայտնի չէ: Մամուլում հրապարակված վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը հնարավոր է կապ ունենա էջմիածինցի հայտնի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի դեմ ամիսներ առաջ ծրագրված սպանության նախապատրաստման փորձի հետ: Դեռեւս մայիսին լուրեր էին շրջանառվում, որ սպանությունը նախապատրաստելու հետեւում կանգնած է Արտյոմ Կանեւսկոյի մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: