«Դուք չգիտե՞իք, որ կառավարությունը 76 մլն դրամ է տրամադրել՝ «Նաիրիտում» քիմիական նյութերի անվտանգ պահպանության համար». Լենա Նազարյանը՝ Դավիթ Տոնոյանին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր խորհրդարանում ԱԻ նախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն զբաղվել «Նաիրիտ» գործարանի քիմիական նյութերի պահպանմամբ.
«Կա 2017թ. փետրվարի 23-ի կառավարության 167 որոշումը, որով որոշվել է «Նաիրիտ» գործարանի տեխնոլոգիական համակարգերում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանն աջակցելու նպատակով՝ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին տրամադրել 76 մլն դրամ։
Օգոստոսի 31-ին կառավարության նիստից հետո մի շարք լրատվամիջոցների դուք ասել եք՝ ԱԻՆ-ը «Նաիրիտ» գործարանում պահպանում և անվտանգություն չի իրականացնում։ Ձեր հայտարարությունն ուղղակիորեն հակասում է կառավարության որոշմանը։ Դուք չգիտե՞իք, որ կառավարությունը 76 մլն դրամ է տրամադրել՝ «Նաիրիտում» քիմիական նյութերի անվտանգ պահպանության համար»։
Ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանը հաստատեց՝ կառավարությունն ԱԻՆ տեխնիկական անվտանգության ՊՈԱԿ-ին տրամադրել է որոշակի գումար, ընդ որում՝ երկու անգամ. «Դա եղել է որոշում, որով «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք իրականացնում են անվտանգություն այդ գործարանում, շարունակեն վարձատրվել: Դա եղել է վարձատրության փոխհատուցում։ Վերահսկողության որևէ լծակ ես այնտեղ չունեմ»։
Լենա Նազարյանը, սակայն, շարունակեց. «Ես հասկանում եմ, որ այդ գումարը տրված է եղել նախարարությանը, իսկ դուք նախարար եք, «Նաիրիտում» քիմիական նյութերի անվտանգ պահպանության համար։ Ես կարծում եմ, որ դուք ուղղակիորեն պատասխանատվություն ունեք այդ նյութերի պահպանության համար։ Եվ ինչո՞ւ եք դուք ասում, որ ԱԻՆ-ը չի իրականացնում անվտանգություն և պահպանում»։
Դավիթ Տոնոյանը չպատասխանեց և խնդրեց սպասել նախաքննության ավարտին. «Մենք արդեն ստանում ենք քննչական մարմնից հարցադրումներ, որոնց արդյունքների վերաբերյալ թափանցիկորեն կարձագանքենք»։