Իրաքյան քրդերի հանրաքվեին կմասնակցեն նրանց հսկողության տակ գտնվող բոլոր շրջանները
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա հսկողության տակ գտնվող բոլոր շրջանները, այլ ոչ թե միայն նրանք, որոնք պաշտոնապես մտնում են ինքնավարության կազմի մեջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Քրդաստանի Դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Մոհամեդը:
«Հանրաքվեին կմասնակցեն Դոհուք, Խավլեր, Սուլեյմանի եւ Հալաբջա նահանգները, ինչպես նաեւ Քրիկուկ եւ Նայնավա նահանգների առանձին մասեր, որոնք գտնվում են քրդական փեշմերգայի հսկողության ներքո, այդ թվում՝ Սինջար շրջանը»,-ասել է Մոհամեդը:
Եթե Դոհուք, Խավլեր, Սուլեյմանի եւ Հալաբջա իրաքյան նահանգները պաշտոնապես մտնում են Իրաքյան Քրդստանի կազմի մեջ, Քրիկուկ եւ Նայնավա նահանգների քրդաբնակ շրջանները ինքնավարության մեջ չեն մտնում: Քրդերը դրանց նկատմամբ հսկողություն են ստացել ԻՊ-ի դեմ մարտական գործողությունների ընթացքում:
Ինչ վերաբերում է ընտրողների կազմին, ապա, ինչպես ընդգծել է կուսակցության ներկայացուցիչը, Իրաքի այլ շրջաններից փախստականները չեն կարողանա մասնակցել հանրաքվեին: Սակայն տեղական գրանցում ունեցող արաբ ընտրողները կկարողանան քվեարկել:
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, ինչպես նաեւ Թեհրանը եւ Վաշինգտոնը: Հաղորդվել է, որ Թուրքիան եւ Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող է լարվածության աճ հրահրել, եւ կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից: