«Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ բոլոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ կիրակացնվեն». Սուրեն Կարայան
2017 թ. 8 ամիսների արդյունքներով` պետական և համայնքային բյուջեներից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն ԱՄՆ դոլար:
Սա կազմում է այս տարվա կտրվածքով խոստացված ներդրումների շուրջ 43%-ը:
Չնայած տարվա մեծ մասն անցել է, իսկ փաստացի ներդրումները նախատեսվողի կեսից էլ քիչ են, այնուամենայնիվ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այդ ծավալը քիչ չի համարում:
«Հիմնականում այդ ներդրումային ծրագրերը, որ հայտարարել ենք` մոտ 830 մլն դոլար, բաղկացած են 4 մասից` պետության հաշվին կատարվող ներդրումային ծրագրեր, երկրորդ` վարկային և դրամաշնորհային միջոցներով, երրորդ` մունիցիպալ մարմինների, չորրորդ` մասնավոր հատվածի կողմից իրականացվող այն ներդրումային ծրագրերն են, որոնց պետության կողմից եղել է օժանդակություն:
Մոտ 40%-ից ավելի իրականացվել են ներդրումային ծրագրերը և, հույս ունենք, որ մինչև տարվա վերջ բոլոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ կիրակացնվեն: Բոլոր նախարյալները դրա համար կան»,- հավաստեց Ս.Կարայանը: