Բաժիններ՝

Լիցենզավորման գրանցամատյանները կդառնան էլեկտրոնային

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծերի փաթեթը մշակվել ՀՀ հակակոռուպցիոն  ռազմավարակության 2015-18 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակներում:

«Այսօր գիտենք, որ լիցենզավորումը, ինչպես նաև գործունեության իրականացման համար հաշվառումների ծանուցումները կատարվում են թղթային եղանակով, և այստեղ մենք կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում, որովհետև շատ հաճախ կարող է ինչ-որ ինֆորմացիա փոխվել, ինչ-որ կոռուպցիոն մեխանիզմներ աշխատել, ու դրա մասին ոչ մեկս տեղյակ չենք լինի, որովհետև այդ ամենը լինելու է փաստաթղթի վրա, իսկ փաստաթուղթը շատ հեշտ կարելի է փոխել:

Ժամանակակից տեղեկատվական տեխոնոգիաների այս դարում մենք առաջարկում ենք հստակ և շատ հասարակ լուծում. առաջարկում ենք լիցենզավորման գրանցամատյանները և գործունեության  իրականացման հաշվառման գրանցամատյանները վարել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև՝ այդ բոլոր գրանցամատյանները միացնել ու ստեղծել նաև մեկ միասնական գրանցամատյան, ու այդ ամբողջ տեղեկատվությունն արձանագրել այդ գրանցամատյաններում, իսկ գրանցամատյանում ցանկացած փոփոխություն պետք է արվի էլեկտրոնային եղանակով, և հետագայում շատ հեշտ կարելի է հսկել ու հետևել, թե ինչ փոփոխություն է կատարվել, և ով է դա կատարել»,-նշեց փոխնախարարը:

Նրա գնահատմամբ՝ այսպիսով ավելին դյուրին կդառնա տեղեկատվություն ստանալը. «Այս փոփոխությամբ մենք բնակչության վրա լրացուցիչ բեռ չենք դնում, ընդհակառակը, փոփոխություն է կատարվում զուգահեռաբար նաև պետական տուրքի մասին օրենքում, որտեղ նախատեսվում է, որ էլեկտրոնային, առցանց եղանակով տեղեկատվության ստացման համար կգանձվի ոչ թե 3000 դրամ, ինչպես նախատեսված է փաստաթղթային եղանակով տեղեկատվություն ստանալու համար, այլ ընդամենը  1000 դրամ, դրան կգումարվի նաև որոշակի գումար էլեկտրանային եղանակով այդ տեղեկատվությունն  ուղարկելու ծառայության համար, սակայն այս երկու գումարները իրար հետ ավելի փոքր գումար են կազմում, քան այսօր թղթային եղնակով տեղեկատվությունը ստանալու համար է: Սա շատ կարևոր փաստաթուղթ է»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Երբ թղթային կրիչով տեղեկատվությունը ստացվում է, այն բնօրինակ է, առցանց ստացված փաստաթուղթն ի՞նչ է»:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ առցանց ստացված փաստաթուղթն էլեկտրոնային փաստաթուղթ է: Պատգամավորի ճշտող հարցին, թե դա էլեկտրոնային փաստաթուղթ է՝ թվային ստորագրությա՞մբ և համարվում է բնօրինա՞կ, փոխնախարարը պատասպանեց՝ այո, այդպես է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս