
Խալիմա Յակոբը դարձել է Սինգապուրի առաջին կին նախագահը

Սինգապուրի նոր նախագահ է դարձել Խալիմա Յակոբը, որը մինչեւ վերջին ժամանակներս խորհրդարանի խոսնակն էր: Այդ մասին հայտնել է ընտրական հանձնաժողովի նախագահ Էն Վայ Չունը՝ նրա շտաբի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերի ստուգումից հետո:
Այսպիսով 63-ամյա Յակոբը դարձել է երկրի առաջին կին նախագահը, ինչպես նաեւ վերջին 47 տարվա ընթացքում այդ պաշտոնն զբաղեցրած մալայական համայնքի առաջին ներկայացուցիչը:
Նշենք, որ Սինգապուրում նախագահի իշխանությունը սահմանափակ է, իսկ երկիրը փաստորեն կառավարում է վարչապետը: Պետության ղեկավարը կարող է վետոյի իրավունքից օգտվել բյուջեի նախագիծը քննարկելիս, կառավարությունում նշանակումներ կատարելիս, դատապարտված հանցագործներին ներում շնորհելու որոշումներ ընդունելիս, ինչպես նաեւ ոսկարժութային պաշարների պահառուն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: