«Ծառուկյան» դաշինքն ընդունեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 59 կողմ ձայներով ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Չնայած խնդիրը շատ պարզ էր, բայց կառավարության ներկայացուցիչը երեկ այդպես էլ համարձակություն չունեցավ ինքնուրույն կայացնելու որոշում և հայտարարելու, որ քվեարկության կդրվի՝ պահպանելով այն կարևորագույն դրույթը, որ խմբակցությունն իրավունք ունի նախաձեռնությամբ հանդես գալու՝ հանրաքվե անցկացնել:
Այդ իրավունքը բացառապես տալով քաղաքապետին և ավագանու 1/3-ին՝ մենք ուղղակիորեն զրոյացնում ենք այդ կարևորագույն մեխանիզմի գործադրումը: Առաջին ընթերցմամբ մենք քվեարկում ենք ձեռնպահ, և եթե կառավարությունը չունենա համարձակություն, ի վերջո, վերադառնալու նախկին տեքստին, երկրորդ ընթերցման ժամանակ դեմ կքվեարկենք»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայատարարեց, որ տիկին Զոհրաբյանն ասաց, թե ինչումն է խնդիրը. «Քանի դեռ հանրաքվեի հետ կապված հարցը չի լուծվել, մենք չենք կարող կողմ քվեարկել, այս պահին ես ուղղակի ուզում եմ առաջարկել «Ծառուկյան» դաշինքի մեր գործընկերներին՝ եկեք չմասնակցենք քվեարկությանը, գուցե օրենքը չանցնի ընդհանրապես»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ինչպես իրենք նախկինում են հայտարարել, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ՀՀԿ-ն այս և մյուս բոլոր հարցերը քննարկման առարկա կդարձնի:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ «Ելք» դաշինքի առաջարկն իրենց կողմից ընդունելի է, և իրենք չեն մասնակցի քվեարկությանը: