Դպրոցի տնօրենը խորոված անել է քարոզում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի տնօրեն, բազմամյա մանկավարժական փորձով Լիլիա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում ժամանակին գովազդային նյութեր էր տեղադրում: Սակայն մեր ուշադրությունը հատկապես գրավեց սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, նրա էջում տեղ գտած գովազդային հոլովակը՝ «Երեւան-երեւանցիներ» հղումով:
Հոլովակը, որը նկարահանվել է թիվ 162-ի շենքում գործող «Երեւակ» կրթահամալիրի սաների մասնակցությամբ, ցուցադրում է, թե ինչպես են կրթահամալիրի 3-4-րդ դասարանների աշակերտներն անցկացնում իրենց «պիկնիկը» խորոված պատրաստելով՝ միսը «շշելով», կրակին դնելով եւ հետո արդեն պատրաստ խորովածը մի մեծ թասով դասարանի աղջիկների առաջ դնելով:
Խորովածը, իհարկե, հայկական օջախների սիրելի ուտեստն է, սակայն որքանո՞վ է այն էսթետիկական, կրթական, մանկավարժական՝ կրթօջախը գովազդելու համար: Սա վատ քարոզչություն է, քանի որ տպավորություն է ստեղծում, թե «Երեւակում» մատաղ սերնդին դեռ վաղ տարիքից ուսուցանում են ոչ թե գիր ու գրականություն սիրել, այլ յուրացնել խորովածի պատրաստման նրբությունները:
Նշենք, որ կրթօջախի հիմնադիրը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Աննա Ստեփանյանն է: Հիշյալ վարչության նախկին պետ, թիվ 62 դպրոցի նախկին տնօրեն Գայանե Սողոմոնյանն էլ, ի դեպ, նույն այդ օրերին իր ֆեյսբուքյան էջում խորովածի պատրաստման հղումով էր կիսվել՝ «Հավի խորոված՝ ձմերուկի մեջ» վերնագրով: Խորովածի քարոզչությունը, փաստորեն, դպրոցների տնօրենների հոբբին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: