Պաշտոնապես բացվել է «Հայաստանի Բրիտանական միջազգային դպրոցը»
«Հայաստանի Բրիտանական դպրոցը» (BISA) պաշտոնապես իր դռներն է բացել հայ աշակերտների առաջ:
Սեպտեմբերի 9-ին Բաղրամյան 67/1 հասցեում՝ ICLT (International Center of Languages and Training) լեզվի ուսուցման կենտրոնի շենքում տեղի ունեցավ «Հայաստանի Բրիտանական դպրոցի» բացման արարողությունը:
Բրիտանական միջազգային դպրոցի արտաքին ակադեմիական կրթության բաժնի տնօրեն Աշոտ Աբրահամյանը նշեց, որ աշակերտներին սպասվում է շատ հետաքրքիր, բայց միաժամանակ՝ շատ բարդ շրջան, քանի որ դպրոցի ծրագիրը հանրահրթական դպրոցների ծրագրից էականորեն տարբերվում է:
«Հայաստանի Բրիտանական դպրոցը» միակն է տարածաշրջանում, որ առաջարկում է Ա մակարդակի՝ A Level (International Advanced Level) ավարտական վկայական, ինչը ճանաչված է աշխարհի առաջատար կրթական հաստատությունների և գործատուների կողմից, և գերազանց հնարավորություն է տալիս ուսումը շարունակել միջազգային առաջատար համալսարաններում, ինչպիսիք են՝ Օքսֆորդը, Քեմբրիջը, Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL), և այլն:
Բացի A Level-ի քննություններին պատրաստելուց, դպրոցում անցկացվելու են նաև TOEFL, IELTS անգլերենի և SAT մաթեմատիկայի իմացության քննությունների նախապատրասման դասընթացներ, որոնք ևս ընդունելության համար պահանջված են բազմաթիվ համալսարանների կողմից:
«Վերջապես «Հայաստանի Բրիտանական դպրոցը» կարող ենք համարել իրականություն: Դպրոցում դասընթացները կազմակերպվելու են երկու հոսքով՝ «բիզնես և տնտեսագիտություն» և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Հայ աշակերտների մեջ այլ ուղղություններով հետաքրքրություն չեղավ, բայց հետագայում նախատեսում ենք նոր հոսքեր՝ հաշվի առնելով Հայաստանի պահանջները:
Մեզ մոտ ամբողջ ուսումնական պրոցեսը, նյութերը, քննություններն անցնում են այնպես, ինչպես Մեծ Բրիտանիայում, քանի որ ծրագիրը վերցված է իրենց պետական ծրագրից և տեղայնացված «Փիրսոն» (Pearson Education) միջազգային կրթական համալիրի կողմից: Ուսուցիչները, նույնպես վերապատրաստվում են «Փիրսոնի» կողմից: Աշակերտները կարող են դպրոց գալ, իրենց հետ բերելով միայն գրենական պիտույքներ, քանի որ մնացած բոլոր ուսումնական նյութերը տրամադրում է դպրոցը»,- նշեց Աշոտ Աբրահամյանը:
Դպրոցի աշակերտներից Ագապի Միքայելյանն այսօր մեծ էնտուզիազմով է դպրոց եկել. «Դպրոցի մասին համացանցից եմ տեղեկացել: Անհամբեր սպասում էի բացմանը, բայց ինչ-որ խնդիրների պատճառով մի փոքր ձգձգվեց: Մասնագիտությամբ ապագա ճարտարապետ եմ և ցանկանում եմ ուսումս շարունակել ԱՄՆ-ում, այդ պատճառով որոշեցի անպայման դիմել՝ ձեռքիցս բաց չթողնելու համար հնարավորությունը»:
«Հայաստանի Բրիտանական դպրոց» կարող են դիմել ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ և 10-րդ դասարաններն ավարտող աշակերտները:
Այստեղ դասերն իրականացվում են անգլերեն լեզվով, օրվա երկրորդ կեսին, ինչը հնարավորություն է տալիս զուգահեռաբար ուսումը շարունակել ՀՀ հանրակրթական ավագ դպրոցներում: Ուսման տևողությունը երկու տարի է, իսկ դպրոցի տարեկան վարձավճարը կազմում է 900.000 ՀՀ դրամ, որի մեջ ներառված են հիմնական երեք մասնագիտական առարկաների, անգլերենի, թեստերի դասընթացները և բոլոր քննությունների վճարները:
ՇՈւՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ