![](/banners/BeFunky-design.jpg)
Մադրիդը կոչ է արել Կատալոնիայի ղեկավարին՝ հանրաքվեի փոխարեն ընտրություններ կազմակերպել
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904996.jpg)
Իսպանիայի իշխանությունները կոչ են արել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին՝ կազմակերպել ոչ թե անկախության հանրաքվե, այլ տարածաշրջանային նոր ընտրություններ եւ այդ կերպ իմանալ ինքնավարության բնակիչների տեսակետը: Այդ մասին հայտարարել է կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն:
«Եթե Պուչդեմոնը ցանկանում է իմանալ կատալոնացիների տեսակետը, դա շատ հեշտ է՝ թող ինքնավարության ընտրություններ կազմակերպիե,- նշել է իսպանական իշխանությունների ներկայացուցիչը Antena-3 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ նոր ընտրություններ անցկացնելու որոշումը մարզի ղեկավարի իրավասության մեջ է այն դեպքում, երբ անկախության հանրաքվեի կազմակերպումը՝ ոչ: Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք անցումային շրջանի մասին, որն, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն հոկտեմբերի 1-ին նշանակված հանրաքվեում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հաղթանակի դեպքում: Օրենքը կգործի երկու ամսվա ընթացքում՝ մինչեւ ինքնուրույն խորհրդարանական հանրապետության ստեղծման գործընթացի կիրարկումը: Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը (Ժեներալիտետ) ընդունել է օրենք հանրաքվեի մասին եւ կից փաստաթղթեր, մասնավորապես, ընտրական հանձնաժողով կազմելու եւ քվեարկության կազմակերպման սկզբունքների մասին:
Սեպտեմբերի 7-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանն արտահերթ նիստում կասեցրել է այդ բոլոր փաստաթղթերի գործողությունը: Իսպանիայի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են Կատալոնիայի զանգվածային լրատվամիջոցներին, ինքնավար մարզի պետական ծառայողներին եւ ոստիկանության ղեկավարությանը դատական վճիռների չկատարման հետեւանքների մասին:
Ի պատասխան Սահմանադրական դատարանի վճռի՝ ինքնավար մարզի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ,Կատալոնիայում ժողովրդավարությունը ոչ ոք չի կանգնեցնիե, հաղորդել է ՏԱՍՍ-ը: