«Ես դրական եմ գնահատում «Ելքի» նախաձեռնությունը». Արմեն Ռուստամյան
«Սա լավ առիթ է, ես դրական եմ գնահատում «Ելքի» նախաձեռնությունը, որ հնարավորություն է տալիս այդ բոլոր հարցերի մասին խոսել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը:
Ըստ նրա` խնդիրը հայեցակարգային է, որի մասին ՀՅԴ-ն իր մոտեցումները վաղուց է ձևակերպել և ամեն անգամ լայն հանրաքվեի կարիք չկա, հարցն արդեն ուսումնասիրվել է ԵԱՏՄ-ին անդամակցելու ժամանակ:
Ռուստամյանի խոսքով` այս ընթացքում համոզվել են, որ անվտանգության խնդիրներից ելնելով սա ամենաճիշտ լուծումն էր, առավել ևս, որ ԵՄ-ն այժմ հնարավորություն է տալիս վերադառնալ «և՛-և՛»-ի քաղաքականությանը` լինելով ԵԱՏՄ անդամ, պայմանագիր ստորագրել ԵՄ հետ:
«Միջնադարյան զինատեսակներով դժվար է պայքարել աշխարհում»,- նկատեց Ռուստամյանը` հավելելով, որ ՀՀ-ի անվտանգության կառույցները ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն են, թեև դա չի նշանակում, որ դրանով պետք է սահմանափակվենք, այլ պետք է այլ ուղղություններով այլընտրանքներ ունենանք:
Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում տնտեսապես մեծ հնարավորությունների դաշտ ունի, որը լիարժեք չի օգտագործել և որի մեղավորը ՀՀ իշխանությունն է, այդ թվում` ՀՅԴ-ն, որ չի կարողացել հարմարեցնել մեր տնտեսությունը ԵԱՏՄ-ին, սական այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են: