Brexit. Բրիտանիան կատարեց ԵՄ-ի օրենքների չեղարկման առաջին քայլը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները Brexit-ի շրջանակներում երկրորդ ընթեցմամբ ընդունել են Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման մասին օրենքը, տեղեկացնում է BBC-ին:
Սեպտեմբերի լույս 12-ի գիշերն ավելի քան 13 ժամ տեւած բանակցություններից հետո օրինագծի օգտին քվեարկել է 326 պատգամավոր, դեմ է արտահայտվել 290 խորհրդարանական: Այժմ օրինագիծն ավելի առարկայորեն կքննարկեն Համայնքների պալատի կոմիտեները. դրա համար նրանց տրվում է ութ օր: Համայնքների պալատում քննարկումից հետո փաստաթուղթը կուղարկվի Լորդերի պալատ:
Օրինագծի գլխավոր կետերից մեկը Բրիտանիայի տարածքում 1972 թվականի Եվրոպական հանրակցությունների մասին օրենքի գործողության չեղարկումն է, որն ազգային օրենեքների նկատմամբ համաեվրոպական օրենքների գերակայության իրավաբանական հիմքն է (ավելի ճիշտ, Եվրամիության անդամ երկրների պարտավորությունն ապահովելու իրենց օրենքների համապատասխանությունը համաեվրոպականներին):
Եվրոպական օրենսդրության չեղարկման օրենքը խորհրդարանին, ինչպես նաեւ Ուելսի, Շոտլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի կառավարություններին թույլ կտա իրենց հայեցողությամբ անվավեր համարել, փոխել եւ կատարելագործել եվրոպական օրենքները: Օրենքը նաեւ վերջ կդնի Եվրոպական դատարանի իրավազորությանը Մեծ Բրիտանիայի տարածքում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատգամավորների որոշումը որակել է պատմական, իսկ չեղարկման օրենքը՝ վստահություն ներշնչող եւ պարզություն մտցնող Եվրամիությունից դուրս գալու նախաշեմին: