Հայաստանի ընդդիմադիր եւ ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերը այժմ համերաշխ են մի հարցում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական աշուն մուտք ենք  գործում օրակարգային երկու հարցով. «Ելք» խմբակցության առաջարկությունը՝ ԵՏՄ-ում ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, եւ հարցը, թե 2018-ի ապրիլից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ով կլինի ՀՀ վարչապետը, այսինքն այսուհետ նաեւ՝  պետության առաջին դեմքը: Ընդ որում, այս երկու հարցերից առաջինը որոշակիորեն նաեւ արտաքին քաղաքական հարց է, իսկ երկրորդը ֆորմալ առումով զուտ ՀՀԿ-ին վերաբերող հարց է:

Որովհետեւ, ինչպես լրագրողների հետ զրույցում ճիշտ ձեւակերպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անցած խորհրդարանական ընտրություններում մարդիկ իրենց ձայները տարբեր մոտիվացիաներով տվել են ՀՀԿ-ին, ուստի մինչեւ 2022 թվականը երկրի ղեկը հանձնել են այս կուսակցությանը: Իսկ թե ՀՀԿ-ն ում հարմար կգտնի այդ դերում, արդեն ներքին կուսակցական խնդիր է:

Մյուս կողմից՝ այս հարցը եւ իր մեջ նաեւ արտաքին քաղաքական էլեմենտ պարունակող «Ելք»-ի առաջարկը նաեւ փոխկապակցված են եւ ձեւավորում են ՀՀ ներքաղաքական միակ օրակարգը:

Ու թեեւ օրակարգը մեկն է, իսկ քաղաքական խաղացողների թիվը՝ խիստ սահմանափակ, կոմբինացիաները, որ հնարավոր են այն առաջ մղելու ընթացքում, բավականին բազմազան են: Օրինակ, եթե «Ելք»-ին հաջողվի հանրային աջակցություն ստանալ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության շուրջ, այն կարող է վերածել կոնկրետ գործողության, ինչը կսասանի ՀՀԿ-ի դիրքերը:

Ճիշտ է, ընդունված է համարել, որ ՀՀ բնակչության դիրքորոշումը միշտ էլ հօգուտ ԵՏՄ-ի կլինի, սակայն այսօր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի հրապարակած հարցման տվյալները ցույց են տալիս, որ դա խիստ չափազանցված համոզմունք է:

Համենայնդեպս, ըստ այդ հարցման արդյունքների՝ հանրության տրամադրությունները ԵՏՄ-ի եւ Եվրոպական ինտեգրացիոն ուղղությունների միջեւ սահմանագծին են, ինչպես նաեւ այնքան էլ միանշանակ չէ, որ ՀՀ քաղաքացիների անվերապահ վստահում են Ռուսաստանին եւ երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը կապում այդ երկրի հետ:

Հայաստանի աշխարհաքաղաքական բեւեռների ընտրության-չընտրության հարցը որեւէ քաղաքական ուժ ուղղակիորեն օրակարգ չի բերել: Համենայնդեպս խորհրդարանում նման քննարկում չի եղել:

Հայաստանի ընդդիմադիր եւ ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերը այժմ համերաշխ են մի հարցում. Հայաստանում իշխանության փոփոխության պահանջարկը նախ պետք է հանրության մեջ ձեւավորվի, ապա նաեւ համապատասխան պատվեր իջեցվի քաղաքական ուժերին: Քանի դեռ նման պրոցես գոյություն չունի, իշխանության փոփոխության կամ Սերժ Սարգսյանի վերարտադրության անթույլատրելիության մասին խոսակցությունները ժամանցային նշանակությունից այն կողմ չեն անցնի:

Ընդ որում հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՞  ՀՀԿ-ն այլ անձի կնշանակի այդ պաշտոնում, ավելի շատ էսթետիկական նշանակություն ունի, քան քաղաքական: Ինչ խոսք, Սարգսյանի մնալով Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի շարքերն անցնելը շատ ավելի մեծ դիսկոմֆորտ կառաջացնի:

Ու ստացվում է, որ «Ելք»-ի նախաձեռնությունը՝ Սերժ Սարգսյանի իշխանության որդեգրած՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու ուղղությամբ, տեսանելի ապագայում Հայաստանում իշխանության փոփոխության միակ հիմքը կարող է լինել:

Հուսանք, որ այս հարցով քաղաքական բանավեճը ավելի համարձակ կլինի, քան մինչեւ այժմ է, որովհետեւ ի վերջո ՀՀ քաղաքացիներիս իսկապես անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ, փաստարկներ եւ հակափաստարկներ, թե իրականում ինչ  կկորցնի եւ ինչ կշահի Հայաստանը ռուսական ինտեգրացիոն միավորից կամ ռուսական անվտանգության համակարգից դուրս գալու դեպքում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս