Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված ակնոցով երիտասարդին, խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։
2017թ. օգոստոսի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հուլիսի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 1-ը՝ ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սարի Թաղի փողոցներից մեկում կայանված «Սեատ Կորդոբա» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել է բանկային քարտ և տարբեր բանկոմատներից կանխիկացրել գումար՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերով վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքներից մեկի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված ակնոցներով երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: