Հայաստանում կստեղծվի ճարտարապետների պալատ
Հայաստանում ճարտարապետների միության բազայի հիման վրա կձևավորվի ոլորտի գործունեությունը կարգավորող նոր մարմին՝ ճարտարապետների պալատ: Ազգային ժողովը քննարկում է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ աշխարհի բոլոր զարգացած երկրներում կան ճարտարապետության ոլորտում գործունեությունը կարգավորող մարմիններ, որտեղ մասնագետները որակավորում են տրամադրում իրենց գործընկերներին: «Այդպիսով, կարող ենք ասել, որ որակավորում տրամադրող մասնագետները պետության անունից պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա: Մենք եկել ենք այն եզրակացության, որ այս գործընթացներում լիցենզավորման սկզբունքը իրեն չի արդարացնում: Ուստի հիմա անձնական պատասխանատվության են ենթարկվում ճարտարապետները. նրանք ստանում են որակավորում և շինարարության ողջ պրոցեսի համար ստանձնում են պատասխանատվություն»,- նշեց Սարգսյանը:
Նա հավելեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտության հիմքում առաջին հերթին ընկած են անվտանգությունը և որակը՝ գեղեցիկ միջավայր ձևավորելու տեսանկյունից: «Շատ ունենք դեպքեր, երբ անփորձ ճարտարապետները նախագծում են իրականացնում, սակայն արդյունքը հաջող չի լինում»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ ձևավորվելիք ճարտարապետների պալատը լինելու է ինքնակարգավորվող մարմին, որը որակավորում է տրամադրելու ճարտարապետներին: «Ճարտարապետների համար պարտադիր պայմաններ են սահմանված՝ մասնագիտական ստաժ, քննություններ: Այս պահին լիցենզիաներ ունեցող ճարտարապետները պալատի ձևավորումից հետո կստանան որակավորում»,- մանրամասնեց Նարեկ Սարգսյանը:
Ճարտարապետների պալատն ունենալու է նաև որակավորման և էթիկայի հանձնաժողովներ: