Կատարի ԱԳ նախարարը մարդու իրավունքների խախտում է որակել իր երկրի շրջափակումը
Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին իր երկրի շրջափակումը գնահատել է որպես մարդու իրավունքների խախտում: Այս դիրքորոշումը նա շարադրել է Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում սեպտեմբերի 11-ին ունեցած ելույթի ժամանակ:
«Կատարն իր վրա զգում է միջազգային շրջափակման՝ ծովային, օդային շրջափակման բոլոր հատկանիշները, եւ այս ամենը բացասաբար է ազդում առեւտրի եւ ներդրումների վրա այս հիրավի պաշարված երկրում: Բնականաբար, մենք դա ընկալում ենք որպես մարդու եւ ազգի իրավունքների խախտում «Առկա է աշխատանքի իրավունքի, այդ թվում՝ այն անձանց աշխատանքի իրավունքի ոտնահարումը, ովքեր աշխատանքի են տեղավորվել Կատարում:
Նրանք հարկադրված են եղել վերադառնալու իրենց երկրներ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ «բացի դրանից, ոտնահարվում են սեփականության իրավունքները»: Նա նաեւ համաշխարհային հանրակցությանը հորդորել է «հանդես բերել բարոյական եւ իրավական պատասխանատվություն՝ տարածաշրջանի երկրների միջեւ անդունդի խորացում թույլ չտալու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: